Թոշակառուների առողջապահական հարցերը պետք է լուծվեն նրանց ապահովագրության միջոցով. Մանե Թանդիլյան

Տարեցների համար առողջապահական հարցերն են շատ կարևոր և առաջնային, և իմ պատկերացմամբ՝ այդ խնդիրը պետք է լուծվի թոշակառուների վերջնական ապահովագրության միջոցով: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Թանդիլյանը` անդրադառնալով կենսաթոշակառուների խնդիրներին:

«Այս պարագայում որքան էլ բարձրացնես թոշակը, այդ հնարավորությունը կարող է չընձեռվել, իսկ այդ գումարով մենք կկարողանանք ապահովագրել թոշակառուներին: Ես հենց այդ ուղղությամբ եմ մտածում վերանայել մոտեցումը»,-ասաց նա:

Նա հիշեցրեց, որ հունվարի մեկից ուժի մեջ է մտնելու նվազագույն կենսաթոշակի չափ սահմանելու նախաձեռնությունը, որը պարենային նվազագույն ստորին շեմին համարժեք է լինելու: «Դա ենթադրում է, որ ծայրահեղ աղքատ, պարենային ստորին շեմից ցածր թոշակ ստացող չի լինելու»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակին, Մանե Թանդիլյանն ասաց, որ ցուցակները հստակեցված են: «Կուսակցությունը քաղաքական հայտարարություն կանի, դուք կտեղեկանաք»,-ասաց նա:

ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մակունցն էլ, պատասխանելով իր հետագա պաշտոնավարման հնարավորության հարցին, ասաց, որ թիմը ընտրություններից հետ որոշում կկայացնի: «Մենք թիմով որոշում կկայացնենք, և պարզ կլինի, այս պահին որևէ որոշում չկա»,-ասաց նա:

Այս թեմայով
am