Այս քրեական գործը նույնիսկ հին Հայաստանին բնորոշ երևույթ չէր․ Դանիել Իոաննիսյան

«Առավոտ» թերթը գրում է․ ««Իրազեկ քաղաքացիների մի­ավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանն ահա­զանգում է, որ 20 օր առաջ իրենց հ/կ-ի FlP.am կայքի լրագրողի դեմ քննչական կոմի­տեում քրեական գործ է հարուց­վել՝ Հրազդանի 6-րդ դպրոցի տնօրենի խոսակցության ձայ­նագրության հրապարակման համար:

Լրագրողը ձայնագրել էր, թե ինչպես է տնօրենը խոս­տանում Սասուն Միքայելյանի որդու քարոզարշավին մարդ բերել: «Քննչական կոմիտեն այդ դեպքով քրեական գործ է հարուցել ոչ թե վարչական ռե­սուրսի չարաշահման դեպքով, որ պարզեր, թե իրականում ինչ է եղել, այլ հեռախոսային խոսակցու­թյան գաղտնիության խախտման հոդ­վածով:

Նույնիսկ ՀՀԿ֊ի 114 տնօրեննե­րի Ձայնագրության հրապարակման ժա­մանակ նման բան չէր եղել։ Շատ կհիասթափվեմ, եթե պարզվի, որ Երևանից գնացած հրահանգով է քննչական մար­մինը նման գործողություն կատարել, որովհետև այս քրեական գործը նույնիսկ հին Հայաստանին բնորոշ երևույթ չէր: Խորապես հույս ունեմ, որ ինչ֊որ անգ­րագետ քննիչի ինքնագործունեություն է, կամ ոմանք ուզում են Սասուն Միքայելյանին այդպես լավություն արած լինեն»,- ասաց Դանիել Իոաննիսյանը: Նա նաև բացահայտ օրենքի խախտում համարեց այն, որ առ այսօր քրեական գործ չի հարուցվել Հրազդանում իրենց դիտորդներին խոչընդոտելու ու սպառնալու դեպքով:

Ըստ նրա՝ 10-օրյա ժամկետն անցել է, ոչ գործ են հարուցել, ոչ էլ քրեա­կան գործի հարուցումը մերժելու մասին որոշում կա, որ բողոքարկեն. «Երկու աղջիկ դիտոր­դի սպառնացել են, նրանց վրա գոռացել են, այն աստիճանի են վախեցրել, որ դիտորդները վախենում էին վերադառնալ քվեարկության սենյակ: Երկու վարկած ունեմ' Կոտայքի մար­զի քննչական մարմնի կոմպե­տենտությունն է, մյուս վարկա­ծը՝ միգուցե տեղական հեղինակություննե­րի բացասական ազդեցությունն է, նույ­նիսկ այնպիսի ազդեցություն, ինչպիսին նախկինում քննչական մարմնի վրա չէր կարող լինել, խոսքը Սասուն Միքայելյանի մասին է»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Այս թեմայով
am