Մի կերպ, քաջ Նազարի բախտով թռել են աթոռին, հիմա ավելի լավ չէ՞, որ մրցակիցներ չունենան. Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ԱԻՄ-ը մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որի համար արդեն սկսել են դրամահավաք։ Աշխատանքներ են իրականացնում նաև դաշինք կազմելու ուղղությամբ։

«Հայաստանի կուսակցությունների մեծ մասը հիասթափված է, ասում են, որ այս կարճ ժամանակում չեն տեղավորվի, երևի այս իշխանություններին հենց սա էլ պետք էր։ Չէ՞ որ մի կերպ, քաջ Նազարի բախտով թռել են աթոռին, հիմա ավելի լավ չէ՞, որ մրցակիցներ չունենան։ Իրենք իշխանական ողջ ռեսուրսը կօգտագործեն, չնայած արդեն օգտագործում են, այն, որ օրը երկու ժամ բոլոր լրատվամիջոցները խոսում են վարչապետի մասին, սա արդեն նախընտրական մթնոլորտի կոպտագույն խախտում է»,- նշեց Պ. Հայրիկյանը։

Նրա խոսքով՝ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հին սահմանադրությամբ, ինչը մեծագույն խայտառակություն է։ Բացի այդ, վարչապետի պաշտոնակատարը և նրա թիմը բազմիցս խոստացել էին, որ կվերականգնեն Հայաստանից հեռացած քաղաքացիների խախտված իրավունքները, սակայն, ըստ ԱԻՄ առաջնորդի, այդ ուղղությամբ ոչինչ չեն արել։

Խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնք ունենալով այլ երկրի քաղաքացիություն, զրկված են ՀՀ-ում մասնակցելու որոշակի գործընթացների, քանի որ զրկված են որոշ իրավունքներից։ Ուստի ԱԻՄ առաջնորդը որոշել է որպես բողոքի նշան`       անձամբ չմասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին։

«Հայաստանի թիվ մեկ ազգային գործիչը, այդպես են ինձ բնութագրում, 50 տարուց ավելի ազգային գործունեության մեջ եմ, հայկական ժողովրդավարության առաջամարտիկն եմ, կատարվող այս խուժանությունների դեմ ի նշան բողոքի, անձամբ չեմ մասնակցի ընտրություններին, բայց ԱԻՄ-ը լիարժեք կմասնակցի, եթե, իհարկե, մեր սկսած աշխատանքներն ունենան ցանկալի արդյունք: Նկատի ունեմ մեր հին անդամներին համախմբելու և դրամահավաքի խնդիրները, նաև՝ քարոզչանյութերի պատրաստումը»,- նշեց Պ. Հայրիկյանը և ընդգծեց, որ ԱԻՄ-ի նպատակը պարզապես խորհրդարան մտնելը չէ, ընտրություններին մասնակցելու են հաղթելու համար, ավելին՝ ընտրություններին մասնակցում են ճշմարտության ուժով հաղթելու մտադրությամբ։

Պարույր Հայրիկյանը նաև տեղեկացրեց, որ ԱԱԾ-ի գործակալական ցանցն այժմ իրենց դեմ մեծ ուժով աշխատում է. «2013 թվականին իմ դեմ մահափորձը ոչ մի էական բան չէր, այո, կազմակերպված մահափորձ էր, ֆինանսավորված Մոսկվայից։ Բայց դրանից հետո վայրահաչություններ եղան, թե Հայրիկյանն ինքն է կազմակերպել  ինքնասպանության փորձը, ահա սա ցույց տվեց, թե որքան շատ է ԿԳԲ-ի ցանցը»,- նշեց Պ. Հայրիկյանը։

Այս թեմայով
am