Հայաստանը մեծապես կարևորում է միջազգային ահաբեկչության հակազդեցությանն ուղղված համատեղ ջանքերի նշանակությունը. ԱԳՆ

Նոյեմբերի 8-ին Աստանայում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։

ԱԳՆ-ից  հայտնում են, որ նիստի օրակարգում էին ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը, միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը եւ միջազգային հարթակում կազմակերպության անդամ երկրների միջեւ արտաքին քաղաքական համադրմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ կատարվեց Աֆղանստանում, Սիրիայում եւ Մերձավոր Արեւելքում վերջին զարգացումներին։


Իր խոսքում նախարարի պաշտոնակատար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Ղազախստանի իր գործընկերոջը՝ ՀԱՊԿ-ում հաջող նախագահության համար եւ հայկական կողմի աջակցությունը հայտնեց Ղրղզստանի առաջիկա նախագահության՝ Կազմակերպության արդյունավետության բարձրացմանը եւ համագործակցության խորացմանն ուղղված առաջնահերթություններին:

 

Անդրադառնալով նիստի օրակարգի հարցերին՝ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը վերահաստատեց Հայաստանի վճռականությունը շարունակելու ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական ներուժի ուժեղացման եւ արդի մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարում ջանքերի ամրապնդման ուղղությամբ քայլերը:

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է ծայրահեղականության եւ միջազգային ահաբեկչության հակազդեցությանն ուղղված համատեղ եւ համակողմանի ջանքերի նշանակությունը: Նա հատուկ ուշադրություն հրավիրեց միջազգային ահաբեկչական խմբավորումների կազմում զինված հակամարտություններին մասնակցած անձանց իրենց ծագման եւ քաղաքացիության երկրներ վերադարձով պայմանավորված սպառնալիքներին։ Նշվեց, որ այս հարցը հանդիսանում է լրջագույն մարտահրավեր միջազգային անվտանգությանը, եւ պետք է պատրաստ լինել համապատասխան քայլեր ձեռնարկելու այդ ռիսկերին արձագանքելու համար:

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը նաեւ մտահոգություն հայտնեց Մերձավոր Արեւելքում եւ մասնավորապես Սիրիայում շարունակվող իրադրության, ինչպես նաեւ ահաբեկչական խմբավորումների գործունեության արդյունքում տարածաշրջանում էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների առջեւ ծառացած մարտահրավերների կապակցությամբ:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կարեւորեց ՀԱՊԿ խաղաղապահ ներուժի մեծացման եւ ՄԱԿ-ի հետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին, նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ Հայաստանի նոր կառավարությունը բազմիցս վերահաստատել է իր հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:

Նախարարի պաշտոնակատարը կարեւորեց Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովի ընթացքում Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ տեղի ունեցած հանդիպումը եւ նշեց, որ դրա ընթացքում հաջողվել է հասնել պայմանավորվածությունների, որոնց իրականացումը կնպաստի խաղաղ գործընթացի համար համապատասխան մթնոլորտի ձեւավորմանը:

Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ Արցախի անվտանգության եւ կարգավիճակի հարցը շարունակում է լինել Հայաստանի առաջնահերթությունների շարքում, ինչպես նաեւ շեշտեց խաղաղ բանակցային գործընթացում Արցախի՝ որոշիչ ձայնով ներգրավվածության կարեւորությունը:

Զոհրաբ Մնացականյանը կարեւորեց ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելը՝ նշելով, որ այն հանգեցնում է տարածաշրջանում թշնամության եւ անվստահության մթնոլորտի աճին: Նա ընդգծեց, որ արդիական եւ շատ անհանգստացնող է սպառազինությունների մրցավազքը, որը չի նպաստում խնդրի կարգավորմանը:

Նախարարական համատեղ նիստին ստորագրվեցին մի շարք որոշումներ, ինչպես նաեւ հավանություն տրվեց նոյեմբերի 8-ին՝ օրվա երկրորդ կեսին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդին ներկայացվելիք փաստաթղթերին։

Այս թեմայով
am