«Հարավկովկասյան երկաթուղին» Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցների հետ բանակցում է, որպեսզի վաղ առավոտից դադարեցված երկաթուղու երթևեկությունը վերագործարկվի

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության (ՀԿԵ) ղեկավարությունը ներկա պահին բանակցություններ է վարում Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցների հետ, որպեսզի վերագործարկվի երկաթուղու երթևեկությունը. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար, հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռուբեն Գրձելյանը:

Ըստ նրա՝ երկաթուղու երթևեկությունը որոշ հատվածներում կանգնած է:

«Այս պահին հստակ որևէ բան չեմ կարող ասել, բանակցությունը դեռ շարունակվում է»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր վաղ առավոտից Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները որպես բողոքի ակցիա գնացքները չեն շահագործել: Գյումրիի ոչ մի դեպո գնացք չի սպասարկել, այդ թվում նաև Գյումրի-Երևան գնացքը: Աշխատակիցների բողոքը պայմանավորված է հոկտեմբեր ամսվա հավելավճարների չափի կրճատմամբ:

Ռուբեն Գրձելյանը նշեց, որ ՀԿԵ-ն դեռևս սեպտեմբերի կեսերից նախաձեռնել էր   գործընթաց, որպեսզի վերանայվի հավելավճարների  հաշվարկման մեխանիզմը: «Այդ գործընթացը դեռևս չի ավարտվել, բայց  ժողովուրդը չի ուզում սպասել ավարտին, ընթացքում բողոքում են: Երբ հոկտեմբերին իրենց աշխատավարձը փոխանցվեց, տեսան, որ հավելավճարները որոշակիորեն պակասել են, որոշեցին բողոքի ակցիան անել»,- ասաց նա:

Թե ինչով է պայմանավորված եղել հավելավճարի կրճատումը՝ Գրձելյանն ասաց՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին բեռնափոխադրումների ծավալի անկմամբ:

Նշենք, որ աշխատակիցները հայտարարել են, որ  բողոքի ակցիան կշարունակեն այնքան, մինչև իրենց պահանջները չկատարեն:

 

Այս թեմայով
am