ԵՊԲՀ գիտխորհրդի հերթական նիստին քննարկվել են կրթության որակին առնչվող հարցեր, ամփոփվել են դեկանների ընտրության արդյունքները

ԵՊԲՀ գիտական խորհրդի հերթական նիստի հագեցած օրակարգի առաջին հարցը վերաբերում էր կրթության որակի բարելավմանը։

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանն իր շուրջ մեկ ժամ տևողությամբ զեկույցում հանգամանալից ներկայացրել է կրթության որակի բարելավման ոլորտում առկա հիմնախնդիրները և դրանց լուծման մեխանիզմները։

Պրոռեկտորը շեշտել է, որ ուսանողների համար անհրաժեշտ կրթական միջավայրի ապահովումը, նրանց կրթական գործընթացի և սոցիալական  կարգավիճակի  բարելավմանն աջակցությունը, ինչպես նաև բժշկական  բարձրագույն կրթության որակի գլխավոր երաշխավորի՝ մասնագիտական բարձր որակավորմամբ և բարոյական արժեքներով օժտված դասախոսական կազմի առկայությունը առաջնահերություն է պետական բժշկական բուհի համար: Այս դրույթներն ամրագրված են նաև բուհի 2015-2020 թվականների Ռազմավարական ծրագրում:

Արդեն իսկ  աշխատանքներ են տարվում կրթական  ծրագրերի, դասավանդման մեթոդների, դասախոսական  կազմի ընտրության, որակավորման  բարձրացման  և խրախուսման  քաղաքականության, ամբիոնների  տարածքները և  նյութատեխնիկական  բազան,  ուսանողների  հետ  տարվող աշխատանքները, կրթության   որակի   գնահատման և ապահովման   մեխանիզմները բարելավելու ուղղությամբ:

Զեկուցողն իր ելույթում նաև թվային ցուցանիշներով անդրադարձ է կատարել դասախոսությունների որակին, դասախոսների պատրաստվածությանը, ուսումնական գրականությանը և ուսումնական գործընթացին վերաբերող տասնյակ այլ հարցերի, որոնց լուծումը հնարավորություն կտա առաջիկայում էականորեն բարելավել բժշկական կրթության որակը։ 

Գիտական խորհրդի անդամները բազմաթիվ հարցեր են ուղղել զեկուցողին: Մասնավորապես, կարծիքներ են փոխանակվել դասախոսությունների ազատականացման, ինչպես նաև թեմատիկ միջառարկայական դասախոսությունների անցկացման վերաբերյալ:  Լարիսա Ավետիսյանն ընդգծել է, որ հոկտեմբերից-նոյեմբեր ընկած ժամանակահատվածում  ԵՊԲՀ-ում անցկացվում են  թեմատիկ միջառարկայական դասախոսություններ: Հոկտեմբերի 20-ին, ոչ աշխատանքային օրվա ընթացքում անցկացված  առաջին թեմատիկ դասախոսությանը սովորողների լայն ընդգրկվածությունը վկայեց այն մասին, որ ապագա բժիշկներին իսկապես հետաքրքրում է առարկայի մատուցման ինտերակտիվ մոտեցումը: 

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ևս անդրադարձել է դասախոսությունների ընթերցման մեթոդաբանությանը վերաբերող խնդիրներին: Նա նկատել է, որ տեսական առարկաներ ուսումնասիրելուց զատ, ուսանողները վաղ կուրսերից պետք է սերտ առնչություն ունենան նաև կլինիկական ոլորտի մասնագիտությունների հետ, քանի որ կլինիկական աշխարհին հաղորդակից լինելու դեպքում  բժիշկ դառնալու ուղին առավել գրավիչ է: 

Ամփոփելով զեկույցը՝ պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանն ընդգծել է, որ մատնանշված մարտահրավերների հաղթահարումն առավել դյուրին կլինի այն դեպքում, երբ ուսումնական գործընթացի թիվ մեկ ապահովողը՝ ամբիոնը պատասխանատվություն կրի  և դառնա կրթության որակի բարելավմանն ուղղված բոլոր աշխատանքների ակտիվ մասնակիցն ու ապահովողը։

Գիտական խորհրդի նիստը եզրափակվել է Ընդհանուր բժշկության և Ստոմատոլոգիական ֆակուլտետների դեկանների մրցույթի անցկացմամբ:               

Ընդհանուր բժշկության ֆակուլտետից առաջադրված էր ֆակուլտետի դեկանի պարտականությունները կատարող, ԵՊԲՀ ուսումնամեթոդական վարչության պետ, նորմալ անատոմիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Կարինե Բարոյանը, իսկ Ստոմատոլոգիական ֆակուլտետից՝ ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, դոցենտ Լազար Եսայանը:

Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Կարինե Բարոյանն ընտրվել է Ընդհանուր բժշկության ֆակուլտետի, իսկ Լազար Եսայանը՝ Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկանի պաշտոնում:

Հիշեցնենք, որ մրցույթն անցկացվում է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի սահմանված կանոնակարգով: Մրցույթի մասին հայտարարվել էր հոկտեմբերի 5-ին:

Այս թեմայով
am