Ու՞մ հաշվին է նախարարի պաշտոնակատարը մեկնել Փարիզ. Գարեգին Բաղրամյանի պարզաբանումը

«Վեոլիա Ջուր»-ի հաշվին չի եղել, դա եղել է ընկերության մայր գրասենյակի՝ «Ջեներալ դեզո» ընկերության հաշվին: Դա ընդհանուր ընդունված մոտեցում է բոլոր այն երկրներում, որտեղ «Վեոլիան» ներկայանում է: Ինքը հնարավորություն է տալիս բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցել փորձի փոխանակմանը: Այդ ծրագրով նաև եղել են լրագրողներ և հասարակական կազմակերպություններ: Դա կապել սակագնի բարձրացման հետ, կարող եք օրենսդրությունն ուսումնասիրել, ենթաօրենսդրական ակտերը և կտեսնեք, որ սակագնի ձևավորման մեջ մարդկային գործոնը գրեթե զրոյացվել է», կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

Հիշեցնենք՝ Բաղրամյանը ներգրավված է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից ՀԾԿՀ անդամներին կաշառելու դեպքով հարուցված քրեական գործում։

Իսկ նախապատմությունը հետևյալն է. «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների սակագների ճշգրտման 2017-2018 թթ. հայտը հաստատելու նպատակով այն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացնելուց առաջ, նույն ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեն և գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, կաշառք տալու դիտավորությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և ՀԾԿՀ ևս 7 պաշտոնատար անձանց համար «Վեոլիա ջուր» ՓԲԸ ֆինանսական ծախսային միջոցներից 2017 թ-ի օգոստոսի 26-ին գնել և տրամադրել են Երևան-Փարիզ-Երևան ուղղությամբ, ընդհանուր 4,239,235,8 դրամ արժողությամբ 8 ավիատոմս, իսկ հյուրանոցի ծախսերի համար փոխանցել են ևս 8 միլիոն 359 հազար 133 դրամին համարժեք՝ 15.338,18 եվրո, որն ընդհանուր կազմել է 12,598,368 դրամ, ինչից հետո հանձնաժողովի կողմից 22.11.2017 թ. համապատասխան որոշմամբ խմելու ջրի սակագինը բարձրացվել 11,414 դրամով՝ 180 դրամից դառնալով 191,414 դրամ, որը սուբսիդավորման կարգով փոխհատուցվում է ՀՀ կառավարության կողմից։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննության համար։

Բաղրամյանն ասել է նաև, որ մեկնել են Փարիզ 8 վարչության պետերի հետ, նրանց հետ չեն եղել ընտանիքի անդամներ: Ընկերությունը հոգացել է նրանց ավիատոմսերի ու հյուրանոցային ծախսերը:

Այս թեմայով
am