«Գազպրոմ Արմենիա»-ն խնդիր չի տեսնում, որ բոլորին գազը վաճառվի հավասար՝ 255 ԱՄՆ դոլարով. տնօրեն

Մեր ծախսերն ավելի շատ են, քան մուտքերը: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովում հայտարարեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը՝ պատասխանելով ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի հարցին:

Պատգամավորը նշեց, որ սահմանի վրա Հայաստանը 150 ԱՄՆ դոլարով է գնում գազը, բայց սպառողը վճարում է միջինում 255 ԱՄՆ դոլար, ապա հարցրեց՝ կա՞ արդյոք ռեզերվ, որի արդյունքում կարվի այնպիսի օպտիմալացում, որը կհանգեցնի միջին սակագնի նվազեցման:

Հրանտ Թադևոսյանը նշեց, որ վաճառքի գինը 255 ԱՄՆ դոլար է, մարժան, որը մնում է «Գազպրոմ Արմենիա»-ին, 62 ԱՄՆ դոլար է: «Մեր ծախսերն ավելի շատ են, քան մուտքերը: Եզրակացություններ կանենք, որ լրացուցիչ ռեզերվներ գտնելու հարցը խնդրահարույց է: Գազի գնի մեջ կա երկու գործոն: Այո, սպառողները ստանում են 139 դրամով, միջինում՝ 255 դոլարով: «Գազպրոմ Արմենիա»-ն խնդիր չի տեսնում, որ բոլորին վաճառվի հավասար՝ 255 ԱՄՆ դոլարով: Մենք կարող ենք կամ բոլորին վաճառել գազը 255-ով, կամ… Տարբերակ է, քննարկելու հարց է, պետության խնդիրն է, մենք այս հարցում առարկություն չունենք»,- շեշտեց նա:

Ըստ նրա՝ բնակչությանը մատակարարվող գազն անցնում է երկար ճանապարհ՝ փոխադրում, բաշխում, ուստի այն թանկ է ամբողջ աշխարհում: «Այստեղ բարդ տնտեսական հաշվարկներն են հիմքում: Աշխարհում կա 1000 դոլար և 255 դոլար, ինչպես մեզանում: Այլ խնդիր է վճարողունակության հարցը: Կա խնդիր նաև գազի գնման հետ՝ 155 դոլար, որը միջկառավարական համաձայնագրերով է սահմանվում: Այս տարի ավարտվում են գործող բոլոր պայմանագրերի ժամկետները և ընթանում են գնման գնի ձևավորման շուրջ բանակցությունները:

Երբ դրանք կավարտվեն, մենք կստանանք օֆիցիալ թվերը և կներկայացնենք մեր առաջարկությունները»,- ընդգծեց Հրանտ Թադևոսյանը:

 

 

Այս թեմայով
am