Ընտրությունների մասնակցության հարցը ՀՀԿ-ն կքննարկի նոյեմբերի 11-ի խորհրդի նիստում. հեռախոսազրույց

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունը նոյեմբերի 11-ին կհրավիրի ընդլայնված կազմով խորհրդի նիստ, որտեղ կորոշվի դեկտեմբերին 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցը:

Այդ մասին «Ազատության»-ը տեղեկացրեց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ի դեպ, չի բացառվում, որ այդ նիստում նաև կուսակցության փոխնախագահի փոփոխություն տեղի ունենա։

Շարմազանով. - Կուսակցությունն ամենայն հավանականությամբ ամսի 11-ին կհրավիրի խորհրդի նիստ, որը կլինի նաև խորհրդի ընդլայնված կազմով, և կքննարկենք կուսակցության մասնակցության և քարոզչության իրականացման հարցերը մեր խորհրդի գործընկերների հետ։

«Ազատություն». - Խորհրդի նիստում հնարավո՞ր է տեղի ունենան նաև կուսակցության փոխնախագահի փոփոխություններ։

Շարմազանով. - Թե ինչպիսի օրակարգ կլինի, որոշում կկայացնենք, մենք հրապարակային կներկայացնենք։

«Ազատություն». - Պարոն Շարմազանով, մենք, թեև պետք է այդտեղ որոշվի, բայց կարող ենք ասել, որ 90 տոկոսով արդեն հստակ է, որ Հանրապետականը կմասնակցի ընտրություններին՝ դատելով հայտարարություններից, որոնք անում են կուսակցության ներկայացուցիչներն, այդ թվում՝ նաև Դուք։

Շարմազանով. - Իմ տպավորությամբ, ամիսներ շարունակ ասել եմ՝ քաղաքական ուժը պետք է մասնակցի, և երեկ էլ հայտարարել եմ՝ Հանրապետականը երկրորդ տեղի հիմնական հավակնորդն է։

«Ազատություն». - Գնում եք որպես արմատակա՞ն ընդդիմություն։

Շարմազանով. - Գնում ենք որպես պետականամետ, պետության շահերը սպասարկող, կառուցողական և երբեմն նաև ռադիկալ ընդդիմություն, բայց կոռեկտ ընդդիմություն, որը սպասարկելու է բացառապես Հայաստանի Հանրապետության պետական շահը և օգնելու է պետությանն ու իշխանությանը՝ մատնացուցելով նրա թերությունները, որպեսզի ոչ թե իշխանությունն ավելի թուլանա, այլ մեր մատնանշած թերությունները շտկելով ուժեղացնի հայոց պետականությանը ընդդիմության հետ միասին։

Աղբյուրը՝ azatutyun.am

Այս թեմայով
am