Արագած Ախոյանը՝ Խաչատուր Քոքոբելյանի հետ համագործակցության մասին

Ըստ մամուլում այսօր  տարածված լուրերի՝ «Ալյանս» կուսակցության անդամ Արագած Ախոյանը պատրաստվում է համագործակցել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ և նրա օգնությամբ որպես պատգամավորի թեկնածու առաջադրվել առաջիկա խորհրդարանական ընտրություններում:

Հիշեցնենք նաև, որ լուրեր են շրջանառվում, ըստ որոնց՝ Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ու Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը պատրաստվում են դաշինք կազմել և այդ դաշինքով մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Ստացվում է՝ Արագած Ախոյանը ևս կարող է ներկայանալ այդ դաշինքով:

Politik.am-ը կապ հաստատեց Արագած Ախոյանի հետ՝ լուրի իսկությունը ճշտելու համար.

«Խաչատուր Քոքոբելյանն ու ես պարզապես մտերիմ ընկերներ ենք: Նման քննարկումներ չկան, թեև հավանական է: Ամեն դեպքում՝ հստակ որոշում 1-2 օրվա ընթացքում կլինի»:

Արագած Ախոյանն ասաց նաև, որ եթե նոր Ընտրական օրենսգիրքը ընդունվեր, ապա կասկած անգամ չէր լինի, որ նա կառաջադրվի, բայց հին Ընտրական օրենսգրքով գուցե չառաջադրվի.

«Հին ԸՕ-ով ընտրությունները պարզապես սպորտային մրցավազք են, կամ՝ բռնցքամարտ»:

Politik.am-ը Արագած Ախոյանին հարց ուղղեց նաև ուսուցչուհի Աիդա Նալբանդյանի այն հայտարարության վերաբերյալ, ըստ որի՝ Ախոյանը  բնակարանի վաճառքի դիմաց Աիդա Նալբանդյանից  ստացել է 34 000 ԱՄՆ դոլար, իրենից գաղտնի բնակարանը վաճառել է այլ անձի, որի համար Աիդա Նալբանդյանը քրեական գործ է հարուցել.

«Դրանք անհեթեթ ու հիմար հայտարարություններ են, առաջին անգամ եմ լսում: Ես այդ կնոջը շատ լավ եմ ճանաչում: Նա մի քանի անգամ փորձել է դրամաշորթություններ անել, չի ստացվել իր մոտ, դրա համար էլ հիմա զրպարտում է ինձ»:

Տեղեկացնենք նաև, որ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է քրեական գործ հարուցելու մասին տեղեկությունը. ««Հայկ Արշին» ՍՊԸ-ի տնօրեն Արագած Ախոյանի կողմից բնակարաններ տրամադրելու դիմաց գումարներ հափշտակելու փաստով հարուցվել է քրեական գործ 178-ի 3-րդ մասի 1-ին կետով՝  խարդախությունը, որը կատարվել է՝ առանձնապես խոշոր չափերով»:

Այս թեմայով
am