«Արագած Ախոյանը բնակարանի վաճառքի դիմաց ինձնից 34 000 դոլար է ստացել, իսկ բնակարանը վաճառել ուրիշի». ավագանու նախկին անդամը դիմել է ՔԿ, հարուցված է քրեական գործ

Ուսուցչուհի Աիդա Նալբանդյանը, ով 1996-2011թթ. Արաբկիր համայնքի ավագանու անդամ է եղել, Tert.am-ին գրավոր հայտնել է, որ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը բնակարանի վաճառքի դիմաց իրենից ստացել է 34 000 ԱՄՆ դոլար, իրենից գաղտնի բնակարանը վաճառել է այլ անձի:

Քաղաքացին մասնավորապես գրել է. «Տեղեկացել եմ, որ Արագած Ախոյանը «Ալյանս» կուսակցության անդամ է, պարոն Խաչատուր Քոքոբելյանի հետ գտնվում է մտերիմ հարաբերությունների մեջ և առաջիկա խորհրդարանական ընտրություններին կարող է լինել պատգամավորի թեկնածու: Առանց որևէ վիրավորելու նպատակի պատասխանատվությամբ հայտնում եմ, որ Արագած Ախոյանը խաբեբա է. նա, ինձանից ստանալով 34 000 ԱՄՆ դոլար բնակարանի վաճառքի դիմաց, ինձ խաբելով և իմ վստահությունը չարաշահելով, ինձանից գաղտնի այդ բնակարանը վաճառել է այլ անձի: Ընդ որում, այն պայմաններում, երբ արդեն նշված բնակարանը վաճառել էր այլ անձի, Ախոյանը շարունակել է ինձ խաբել, թե ամեն ինչ նորմալ է լինելու, ինձ վաճառելու է այդ բնակարանը: Արդյունքում այն վաճառել է այլ անձի և մինչ օրս չի վերադարձրել իմ վճարած 34 000 ԱՄՆ դոլարը: Այս պայմաններում Արագած Ախոյանը կարողացել է նախկին գլխավոր դատախազ և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հետ ունեցած մտերիմ կապերն օգտագործելով՝ մնալ անպատիժ»:

Աիդա Նալբանդյանը հայտնել էր, որ իր դիմումի հիման վրա Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց քրեական գործ հարուցելու մասին տեղեկությունը. ««Հայկ Արշին» ՍՊԸ-ի տնօրեն Արագած Ախոյանի կողմից բնակարաններ տրամադրելու դիմաց գումարներ հափշտակելու փաստով հարուցվել է քրեական գործ 178-ի 3-րդ մասի 1-ին կետով՝  խարդախությունը, որը կատարվել է՝ առանձնապես խոշոր չափերով»:

Այս թեմայով
am