Սերժ Սարգսյանի եղբորորդու դեմ ցուցմունք տված «Կենտրոնի Կյաժը» վախենում է իր անվտանգության համար. տեսանյութ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տված, «Կենտրոնի Կյաժ» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանը վախենում է իր անվտանգության համար։ Սիմոնյանն այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայր էր ժամանել ոստիկանության 6–րդ վարչության աշխատակիցների ուղեկցությամբ: Սիմոնյանն ասաց, որ անվտանգության հետ կապված խնդիրներ ունի և վերջին շրջանում մշտապես շրջում է իրավապահների ուղեկցությամբ։ Սիմոնյանը հրաժարվեց ասել՝ արդյոք իրեն ինչ–որ մեկը սպառնացե՞լ է։ Նա չցանկացավ պատասխանել նաև այն հարցին, թե ինչու՞ չի ներկայանում Հայկ Սարգսյանի վերաբերյալ քննվող քրեական գործով դատական նիստերին։ Նշենք, որ այդ գործով Մանուկյանն ունի տուժողի կարգավիճակ։

Մեկ այլ՝ թմրանյութի իրացման վերաբերյոլ քննվող քրեական գործով էլ Մանուկյանը ամբաստանյալի կարգավիճակում է։ Նա  մեղադրվում է ապօրինի կերպով ձեռք բերված թմրամիջոցն իրացնելու համար։ Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Դավիթ  Սիմոնյանը 2017թ. դեկտեմբերի 19-ին` ժամը 13:40-ի սահմաններում, իրացնելու նպատակով Էդուարդ Ղազարյանից ապօրինի ձեռք է բերել և պահել ընդհանուր 25.72 գրամ մարիխուաննա տեսակի թմրամիջոց, որն իրացրել է  Գոռ Համբարձումյանին, Լևոն Գաբրիելյանին, իսկ մի մասն իրացման նպատակով ապօրինի պահել է իր կողմից վարվող Տոյոտա Քեմրի մակնիշի ավտոմեքենայում:

Դավիթ Սիմոնյանից բացի այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են Էդուարդ Ղազարյանը և Գոռ Համբարձումյանը։ Ղազարյանն, ով մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ձեռք բերելու և իրացնելու մեջ, ներկայումս գտնվում է կալանքի տակ, իսկ Դավիթ Սիմոնյանից 3.56 գրամ մարիխուաննա ձեռք բերելու մեջ մեղադրվող Գոռ Համբարձումյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը։ Այսօրվա դատական նիստին, սակայն Համբարձումյանը չէր ներկայացել։ Հաջորդ դատական նիստին նրա ներկայությունն ապահովելու համար, նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը որոշում կայացրեց բերման ենթարկել նրան։

 

 

Այս թեմայով
am