Արդյոք կարգելեն Ասյա Խաչատրյանի մուտքն Արցախ. Դավիթ Բաբայանի պարզաբանումը

Այս տարվա փետրվարին Արցախում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հայտնի դարձած Ասյա Խաչատրյանը Թբիլիսիում հանդիպել է իր ադրբեջանցի ընկերոջ հետ: Ըստ  համացանցում տարածված լուրերի՝ Ասյա Խաչատրյանի ընկերը նախկին զինծառայող է, ազգայնական ու հակահայկական տրամադրություններ ունեցող։

 

Ասյա Խաչատրյանի ընկերը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ներկայանում է Թեհրան Լիբրե, որի  էջում էլ հրապարակել է Ասյա Խաչատրյանի հետ իր լուսանկարները:

Հայ օգտատերերը վրդովված գրել էին, որ Արցախի իշխանությունը չպետք է թույլ տա Ասյա Խաչատրյանին գնալ Արցախ:

Araratnews.am-ը կապ է հաստատեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ՝ ճշտելու Արցախի իշխանության տրամադրվածությունը: Արցախի իշխանությունը տեսել է լուսանկարները, անգամ որոշ քաղաքացիներ Արցախի նախագահին նամակ են ուղարկել: «Պետք է այս ամենի գնահատականը տրվի իրավական հարթության վրա եւ ամեն ինչ լինի օրենքով, իհարկե՝ ազգային շահերի ներքո»,- ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Ի պաշտպանություն Ասյա Խաչատրյանի՝ «Ֆեյսբուքի» որոշ օգտատերեր գրեցին՝ պատրաստ են ընկերություն անել ադրբեջանցիների հետ, քանի որ ազգությունը կարևոր չէ: Հետևաբար, Ասյա Խաչատրյանի այս լուսանկարներից չպետք է ողբերգություն  սարքել: Ինչպե՞ս է այս ամենին վերաբերվում Արցախի իշխանությունը: Դավիթ Բաբայանի խոսքով՝ ամեն մի փաստ, առավելեւս, պատերազմում գտնվող երկրի համար, պետք է դիտարկել տարբեր տեսանկյունից: «Ընկերություն անելը շատ լավ բան է, այն ոչ մի սահման չի ճանաչում: Բայց մյուս կողմը (նկատի ունի ադրբեջանցի երիտասարդին) ազնիվ նպատակներո՞վ է ընկերություն անում, ի՞նչ շահ  ունի: Ընկերություն անել միայն հանրային կարծրատիպերը կոտրելու համար՝ ճիշտ չէ»,- մանրամասնում է Դավիթ Բաբայանը:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ այս տարի փետրվարին  Ասյա Խաչատրյանի մասնակցությամբ Արցախում տեղի ունեցածը արտաքին ուժի կազմակերպածն էր: «Այդ հարցի պատասխանն իրավական հարթությունում է: Ոչ ոք չի բացառում, որ կարող է այդպես լինել, բայց օրենքը պետք է պահպանվի, եթե անգամ մարդը փորձում է սադրանք կատարել»,- ավարտեց իր խոսքը Դավիթ Բաբայանը:

 

Այս թեմայով
am