ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ 
աշխատանքի ժամանակ յուրաքանչյուր աշխատողի համար պետք է ստեղծվեն օրենքով սահմանված` պատշաճ, անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ: Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալու իրավունքը յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքն է և ամրագրված է ՀՀ Սահմանադրության 82-րդ հոդվածում: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, իր վերահսկողության ոլորտներում իրականացվող կանխարգելիչ գործունեության շրջանակներում, տնտեսավարող սյուբեկտների իրազեկվածության աստիճանի բարձրացման նպատակով, տեղեկացնում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) համաձայն՝ աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով: Աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի` աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք` պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը: 
Առանց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կատարվող աշխատանքը համարվում է անօրինական աշխատանք: Անօրինական աշխատանք կատարելու թույլտվություն տված և (կամ) աշխատանքի հարկադրող գործատուները կամ նրանց ներկայացուցիչները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև հատուցում են նման աշխատանք կատարողներին այդ աշխատանքի կատարման ընթացքում ոչ աշխատողի մեղքով պատճառված վնասները: Օրենսգրքով սահմանված են աշխատաժամանակի առավելագույն և հանգստի ժամանակի նվազագույն տևողությունը, համաձայն որի՝ ամենօրյա աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից, աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից: Գործատուի պահանջով արտաժամյա աշխատանքը իրար հաջորդող երկու օրվա ընթացքում չպետք է գերազանցի 4 ժամը, իսկ տարվա ընթացքում` 180 ժամը: Աշխատանքային օրվա (հերթափոխի) կեսի ավարտից հետո, սակայն ոչ ուշ, քան աշխատանքը սկսելուց 4 ժամ հետո, հանգստանալու և սնվելու համար աշխատողներին տրամադրվում է 2 ժամից ոչ ավելի և կես ժամից ոչ պակաս տևողությամբ ընդմիջում: Ընդհանուր հանգստյան օրը կիրակին է, իսկ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` շաբաթը և կիրակին: Այն կազմակերպություններում, որոնցում աշխատանքների դադարեցումը հնարավոր չէ` կապված արտադրության տեխնիկական պայմանների կամ բնակչության մշտական անընդհատ սպասարկման անհրաժեշտության հետ, ինչպես նաև չընդհատվող ռեժիմով աշխատող այլ կազմակերպություններում հանգստյան օրերը հատկացվում են շաբաթվա այլ օրերին` աշխատանքի ժամանակացույցով յուրաքանչյուր խմբի աշխատողների համար սահմանված հերթականությամբ: Աշխատաժամանակի գումարային հաշվարկի դեպքում աշխատողներին հանգստյան օրերը հատկացվում են աշխատանքի (հերթափոխային) ժամանակացույցին համապատասխան: Բոլոր դեպքերում, ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը չպետք է պակաս լինի 35 ժամից:
Միաժամանակ, Օրենսգրքի 7-րդ հոդվածի 2 մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթները ենթակա են պարտադիր կատարման բոլոր գործատուների համար՝ անկախ նրանց կազմակերպական-իրավական և սեփականության ձևից, այդ թվում՝ առևտրի, հանրային սննդի, կենցաղային և այլ ծառայությունների մատուցման ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար, և վերջիններս են պարտավոր ապահովել անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ:

 

Այս թեմայով
am