Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել Արթուր Մեսչյանը. Tert.am

Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել երգիչ, երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Այս մասին տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Արթուր Մեսչյանը:

Հարցին, թե նրան առաջարկվել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, նա ասաց. «Ինձ ոչ միայն առաջարկվել է, այլև ես վաղվանից անցնում եմ աշխատանքի: Ինձ նշանակելու մասին հրամանը կհրապարակվի վաղը»:

Նշենք, որ 1996 թ. Արթուր Մեսչյանը ՀՀ կառավարությունից հրավեր է ստանում զբաղեցնելու Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ Վերադառնալով Հայաստան՝ նա սկսում է իր գործունեությունը որպես գլխավոր ճարտարապետ, սակայն 1997 թվականի փետրվարին հրաժարվում է իր պաշտոնից և վերադառնում է Բոստոն։ 

Արթուր Մեսչյանը Մատենադարանի նոր մասնաշենքի ճարտարապետն է: Բացի այդ, 2015 թ. հունվարի 29-ին Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում բացված Կոմիտաս վարդապետի թանգարանի ճարտարապետը կրկին Արթուր Մեսչյանն է։

Հիշեցնենք, որ 2013թ. օգոստոսի 8-ից Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետն էր Տիգրան Բարսեղյանը:

Այս թեմայով
am