Քաղաքամայր Երևանը տոնում է 2800-ամյա հոբելյանը

Երևանն այս տարի նշում է հիմնադրման 2800-ամյակը: Տոնական օրվա հանդիսությունները կմեկնարկեն Ստեփան Շահումյանի հրապարակից՝ մարաթոնով:Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ.թ.ա. 8-րդ դարում՝ Էրեբունի անվամբ։ Ըստ Վանում գտնված սեպագիր տարեգրության՝ Արգիշտի Ա-ն իր ղեկավարման 5-րդ տարում կառուցել է Էրեբունի քաղաքը։ 1950 թվականին Արին-Բերդի բլրի վրա գտնված մի սալաքարի վրա արված գրությունը թույլ է տալիս նույնականացնել Էրեբունի և Երևան քաղաքները։ Սալաքարի վրա գրված է. «Խալդի աստծո զորությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի՝ ի հզորություն Բիայնիլի երկրի և ի սարսափ թշնամի երկրների: Հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր…»։

Օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել քաղաքապետ Հայկ Մարությանը․

«Սիրելի երևանցիներ, շնորհավորում եմ ձեզ Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ: Սա ոչ միայն Երևանի բնակիչների, այլև բոլոր այն մարդկանց տոնն է, ովքեր սիրում են Երևանը և այն համարում իրենց հարազատ վայրը: Չէ որ Երևանն ամբողջ հայության մայրաքաղաքն է: Ցանկանում եմ, որ մեր Երևանը, չնայած իր պատկառելի տարիքին, լինի միշտ երիտասարդ և ուժերով լի քաղաք: Այս օրերին շնորհավորանքներ եմ ստանում աշխարհի բազմաթիվ անկյուններից, շնորհավորում են ձեզ, սիրելի երևանցիներ: Ուզում եմ հատկանշել, որ այսօր վաղ առավոտյան սկսվում են մեր տոնական միջոցառումները, Երևանի տարբեր հատվածներում լինելու են տարաբնույթ հանդիսություններ, նորաձևության ցուցադրություն, թեմատիկ բեմեր, հեծանվավազք, ի դեպ, որի մեկնարին մասնակցելու եմ նաև ես: Ամբողջ օրը շրջելու եմ մայրաքաղաքում, հանդիպելու եմ ձեզ, շնորհավորելու ենք միմյանց ու միասին տոնելու ենք մեր քաղաքի հոբելյանը: Համոզված եմ, որ անչափ հիշարժան ու հագեցած օր ենք անցկացնելու: Երեկոյան՝ 19:30-ին Հանրապետության հրապարակում կմեկնարկի գլխավոր միջոցառումը՝ տոնական գալահամերգը, որը, հուսով եմ, դրական լիցքեր ու հաճելի ակնթարթներ կպարգևի ձեզ: Տոնական երեկոն հագեցած կլինի օրվա խորհրդով ընտրված երևանյան երաժշտությամբ, նաև պատմական անդրադարձով, Երևանի կենսագրությանը և մեր օրերի մայրաքաղաքը ներկայացնող բեմականացումներով, իսկ ավարտին՝ հրավառություն:

Եվս մեկ անգամ ի սրտե շնորհավորում եմ, սիրելի երևանցիներ, սիրում եմ ձեզ, բոլորիս բարձր տրամադրություն»:

Այս թեմայով
am