Կա ճգնաժամ, փողոցներ են փակվում, արդեն մի քրեական գործ կա Մարալիկի հետ կապված. Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով բողոքի ցույցերին և արձագանքելով իր համայնքներ այցին, ասաց, որ դա իրենց գործառույթների մեջ է մտնում, և դրանից մյուս աշխատանքները չի տուժում:

«Շատ հանրային է մեր գործունեությունը, գաղտնի որևիցե բան չենք արել, առաջիկայում արդյունքների մասին կտեղեկացնենք, արդեն մի քրեական գործ կա Մարալիկի հետ կապված», - ասաց նա:

Ինչ վերաբերում է իր խոստացած Պաշտպանության նախարարությունում ուսումնասիրություն կատարելուն և բացահայտումներ ներկայացնելուն, Դավիթ Սանասարյանն ասաց, որ եթե այնտեղ մուտք չեն գործում, ապա, բնականաբար, բացահայտումների մասին խոսք չի կարող գնալ: «Ես ասել եմ, որ քանի որ Պաշտպանության նախարարությունում այլ իրավապահ մարմիններ գործառույթներ են իրականացնում, սխալ է բոլորով լինել Պշտպանության նախարարությունում:

Ես տեսնում եմ, որ այնտեղ շարժ կա, փոփոխություններ կան, հետագայում, անպայման, նորից անդրադառնալու ենք», - ասաց նա և նշեց, որ այլ ոլորտներում ևս ուսումնսիրություն են կատարում:

Դիտարկմանը, թե ստացվում է, որ ձեր գործառույթը դարձել է համայքներ գնալը և մարդկանց հանդարտեցնելը, վերահսկողական ծառայության պետն ասաց, որ իրենք մարդկանց հանդարտեցնելով չեն զբաղված: «Կա ճգնաժամ, փողոցներ են փակվում, մեզ դիմում են քաղաքացիներ: Ես վարչապետի ենթակայության տակ մարմնի ղեկավար եմ և պարտավոր եմ արձագանքել, քանի որ իրենք բողոքում են տվյալ իրավիճակից վարչապետին, մեզ», - ասաց նա:

Հարցին, թե այլ կառույց չի՞ կարող արձագանքել այդ հարցերին, Դավիթ Սանասարյանն ասաց, որ իրենց լիազորությունների շրջանակներում է: «Մենք այս պահին քրակատարողական հիմնարկներում ենք, քրեակատարողական վարչությունում ենք, ԵՊՀ-ում ենք, ջրօգտագործողների միություններում ենք, ամենատարբեր տեղերում մենք մեր գործառույթները իրականացնում ենք», - ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե վերջերս ֆեյսբուքյան Ձեր ուղիղ եթերով ցուցադրեցիք Վերահսկողական ծառայության շենքը, որը պատված էր հեղափոխական նկարներով, այնինչ նախկինում Սերժ Սարգսյանի նկարները փակցնելու համար բավականին քննադատություներ եղան, Դավիթ Սանասարյանն ասաց. «Իրականում այդ մռայլ պատերը փոխարինում ենք մարդկանց լուսավոր դեմքերով, երկրորդ` մեր ծառայության աշխատակիցներն իրենք զգում են քաղաքացու շունչը, տեսնում են, թե ինչի արդյունքում է որ իրենք այնտեղ են աշխատում և որ քաղաքացուն պետք է ծառայեն: Որևէ մեկը իմ ծանոթը չէ, այնտեղ քաղաքացիներ են, անգամ իմ գլխավերևում այդ երեխաների նկարում իմ երեխաները չեն», - ասաց նա:

Այս թեմայով
am