Լավ փաստաբաններ վարձեք. Տիգրան Ավինյանը խոսում է ցուցարարների հետ. տեսանյութ

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը խոշտանգման կասկածանքով ձերբակալված ոստիկանների հարազատներին խորհուրդ է տալիս լավ փաստաբաններ վարձել։

Նրա խոսքով՝ պետք է քննություն լինի, որը կապացուցի ոստիկանների մեղքը կամ կարդարացնի նրանց։ Տվյալ փուլում ո՛չ ոստիկանները, ո՛չ նա չեն կարող ազատ արձակել նրանց։ Նման որոշում պետք է կայացնեն քննչական մարմինները։

Հիշեցնենք, որ խոշտանգման կասկածանքով ձերբակալված Թաթուլ Գևորգյանի, Վահագն Միքայելյանի և Սահակ Դավթյանի հարազատներն այսօր առավոտյան փակել են Երևան-Սևան մայրուղին և պահանջում են ազատ արձակել ոստիկաններին` պնդելով, որ նրանք մեղավոր չեն։

Հատուկ քննչական ծառայությունը երեկ տեղեկություն էր տարածել, ըստ որի` ձերբակալվել են Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները։

Նրանց կասկածում են ՀՀ ոստիկանության Սևանի բաժնում խմբի կազմում Ա. Մ.-ին խոշտանգելու մեջ: Ա. Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայություն դիմում էր ներկայացրել այն մասին, որ 2018 թվականի հոկտեմբերի 7-ին ոստիկանության Սևանի բաժնի երեք աշխատակիցներ Սևան քաղաքում գործող բուքմեյքերական ընկերության գրասենյակի մոտից իրեն տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին և ծեծի ենթարկել: Նախաքննությունը շարունակվում է:

Աղբյուրը ՝ armeniasputnik.am



 

Այս թեմայով
am