Մհեր Գրիգորյանն ընդունել է Վիետնամից ժամանած պատվիրակությանը

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Վիետնամի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի Արտաքին հարաբերությունների գծով ներկայացուցիչ Նգույեն Տուան Ֆոնգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռաիսա Վարդանյանը:

Մհեր Գրիգորյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է Հայաստանի և Վիետնամի միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը՝ հաշվի առնելով նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև ստորագրված ազատ առևտրի մասին համաձայնագիրը: Նա ընգծել է, որ երկու երկրների համար փոխադարձ օգտակար կլինեն անընդհատ շփումներն ու փորձի փոխանակումը մասնավորապես թվայնացման, առողջապահության, կրթության և սոցիալական հարցերին առնչվող ոլորտներում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նգույեն Տուան Ֆոնգը նշել է, որ չնայած աշխարհագրական հեռավորության՝ երկու երկրների միջև ձևավորվել է արդյունավետ համագործակցություն, որը կարող է լավ հիմք հանդիսանալ հարաբերությունների հետագա խորացման համար:

Զրուցակիցները երկուստեք արձանագրել են, որ անհրաժեշտ է համատեղ ջանքեր կիրառել նաև տնտեսական հարաբերություններում առկա մեծ ներուժը իրացնելու ուղղությամբ:

Այս թեմայով
am