Մահացել է Արա Գյուլերը

Իննսուն տարեկանում մահացել է ստամբուլահայ հայտնի լուսանկարիչ, «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» հռչակված Արա Գյուլերը: Աշխարհի ամենահայտնի լուսանկարիչներից մեկը մահացել է սրտի անբավարարության հետևանքով:

Գյուլերը ծնվել է Ստամբուլում: Դպրոցական տարիներին աշխատել է Թուրքիայի կինոստուդիաներում և հաճախել թատերական դասընթացների: 1950թ-ից սկսել է աշխատել «Նոր Ստամբուլ» թերթում` զուգահեռ ուսանելով Ստամբուլի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում:

Որոշ ժամանակ անց տեղափոխվել է «Հյուրիեթ» թերթի խմբագրություն: 1958թ. դարձել է ամերկյան «Լայֆ Թայմ» հանդեսի թուրքական մասնաճյուղի Մերձավոր Արևելքի առաջին թղթակիցը, ինչպես նաև գործակցել միջազգային մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների հետ` ֆրանսիական «Փարիզ Մատչ», գերմանական «Սթերն» և բրիտանական «Սանդի Թայմս»: 1961թ. ավարտելով զինվորական ծառայությունը` աշխատանքի է անցել «Հայաթ» թերթում` գլխավորելով լուսանկարչական բաժինը: 1960-ականներից նրա լուսանկարները զարդարել են անվանի գրողների գրքեր և ցուցադրվել աշխարհի տարբեր ցուցահանդեսներում:

Լուսանկարել է այնպիսի աշխարհահռչակ մեծերի, ինչպիսիք են Բերտրանդ Ռասելը, Ուինսթոն Չերչիլը, Մարկ Շագալը, Ալֆրեդ Հիչքոքը, Թենեսի Ուիլյամսը, Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Վիլյամ Սարոյանը, Սերգեյ Փարաջանովը և այլք:

Պարգևատրվել է ֆրանսիական «Legion d’ honneur», 2005թ.` թուրքական «Grand prize of culture and art», 2009թ.` Նյու Յորքի «Lucie Award» մրցանակներով: Նրա մականունն է «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ»: Ստամբուլի կենտրոնում նրա արվեստանոցին հարող հատվածում գտնվող սրճարանը անվանակոչվել է «Արա Կաֆե»: 2014թ. այցելել է Հայաստան:

Հայ լինելն առավելություն է, ասել է Գյուլերը՝ հավելելով, որ ինքը երբեք չի թաքցրել իր ազգությունը:

Այս թեմայով
am