Հայ արիները փառաբանեցին Հայոց իմաստնության Աստված Տիրին

Հոկտեմբերի 17-ին հերթական անգամ նշվեց Հայ Աստվածներից Տիրի տոնը: Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները Հայոց իմաստնության Տիր Աստծո ավանդական տոնին հավաքվեցին Աբովյանում, Էլար-Դարանի պատմական տարածքում:

Ավելի քան 3000-ամյա պատմություն ունեցող այս հնավայրում ներկա էին Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները՝ Տիրատոնի ծիսական եւ տոնական արարողությունները կատարելու նպատակով: Տիր Աստվածը ինչպես իմաստության, այնպես էլ դպրության, մշակույթի ու արվեստի, արհեստների եւ առհասարակ հայոց տիեզերահաս մտքի հովանավորն է, եւ հայ արի քրմերը այս անգամ ծիսական արարողություններին մասնակից դարձրեցին կառույցի ուսուցչական, մշակութային, գիտական խմբերի, մտավորականության ներկայացուցիչներին:

Հայ արի 6 քրմեր նպատակային ծեսեր կատարեցին ուսուցիչների, գիտնականների, մշակույթի տարբեր ոլորտների եւ մարզիկների առանձին խմբերի հետ, 3 քրմեր ծիսակարգն իրականացրեցին Էլարի տարածքում, 3 քրմեր՝ Դարանիի: Ապա բոլորը միասին 7-րդ գաղտնածեսը կատարեցին Էլարի տարածքի բլրի վրա՝ Տիր Աստծուց խնդրելով հովանավհայություն՝ հայության ու Հայաստանի կայուն զարգացման, առաջընթացի եւ հզորացման համար:

Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները տոնական գինեձոներ հղեցին Տիրին, բոլոր Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին եւ հավաստեցին իրենց հավատարմությունը Արարչադիր Օրենքներին ու Տիեզերակարգին, Հայ Հավատին ու Հայ Աստվածներին, Հայ Տեսակին, որ Երկրում է ու Տիեզերական տարբեր Հոգե-Ոգե-Աշխարհներում, Հայք-Հայաստանին, որ ինչպես Հայության, այնպես էլ Մարդկության Օրրանն է

Գաղտնածեսի առանձնացված հատվածում, որին մասնակցեց նաեւ հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանը, քրմերը իմաստնության եւ հեռատեսություն խնդրեցին Տիր Աստծուց, որպեսզի կարողանան վերագտնել հայոց խորհրդապաշտական գաղտնիքների ու ծածկագրերի բանալիները՝ վասն հայության նպատակների եւ առաքելության իրականացման:

Սրբազան ծեսից հետո 7 ջահակիրների ուղեկցությամբ մասնակիցները նստեցին հայկական ազգային ուտեստներով հարուստ տոնական սեղանի շուրջ եւ փառաբանումներով ու ձոներգերով նշեցին Տիրատոնը:

 

Այս թեմայով
am