Անկախ նրանից՝ այդ ընտրությունները ափալ-թափալ են, հրատապ են, հապճեպ են, Հանրապետականը պետք է մասնակցի. Շարմազանով

Առաջիկայում սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասնակցության մասին  ShantNews.am-ը զրուցել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:– ՀՀԿ-ն արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշում կայացրե՞լ է: 

– ՀՀԿ-ն դեռ չի քննարկել արտահերթ ընտրությունների անցկացման հավանականությունը և այդ ընտրություններին մասնակցելու հարցը, քանի դեռ Փաշինյանը հրաժարական չի տվել: Իմ տեսակետը այս հարցում  չի փոխվել: Հանրապետականը այս ընտրություններին պետք է մասնակցի, քանի որ Հանրապետական կուսակցությունը քաղաքական ուժ է, ունի ծրագիր, ունի քաղաքական թիմ, ունի ասելիք ու անելիք: Ինչպես ցանկացած կուսակցություն, այնպես էլ Հանրապետականը՝ որպես  քաղաքական ուժ, պետք է մասնակցի ընտրություններին: Սա իմ անձնական կարծիքն է, իսկ կուսակցությունը կքննարկի և որոշման մասին կտեղեկացնի:

– Դուք նշեցիք ընտրությունների անցկացման հավանականության մասին, այսինքն, ըստ Ձեզ, հավանականություն կա՞, որ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ չեն լինի:

– Ես միշտ փորձում եմ իրավական գնահատականներ տալ: Քանի դեռ վարչապետը հրաժարական չի տվել, ապա մենք դեռ դե յուրե չունենք նման իրավիճակ: Վարչապետը հրաժարական կտա, ընտրությունների օրը կնշանակվի, և մենք ավելի կոնկրետ կխոսենք դրա մասին:

Իսկ Հանրապետական կուսակցության՝ ընտրություններին մասնակցելու մասին կարող եմ ասել, որ, իմ կարծիքով, անկախ նրանից՝ այդ ընտրությունները ափալ-թափալ են, շտապ են, հրատապ են, հապճեպ են, Հանրապետականը, նախ և առաջ, պետք է մասնակցի:

Բնականաբար հիմա ոչ բոլոր քաղաքական ուժերն են պատրաստ, բայց, անկախ ամեն ինչից, եթե լինում են համապետական ընտրություններ, քաղաքական ուժերը պետք է մասնակցեն, այդ թվում՝ ՀՀԿ-ն:

– Խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի թվում, որպես ընդդիմություն, ո՞ր ուժերին եք տեսնում, որոնց հետո հետագայում ՀՀԿ-ն կցանկանար համագործակցել:

– Ընդդիմությունը այն է, որը ծրագրային քննադատում է իշխող կառավարությանը՝ վարչապետի գլխավորությամբ: Հիմա մայիսի 8-ից այս կողմ, բացի Էդուարդ Շարմազանովից և մի քանի հանրապետականից, խորհրդարանական ընդդիմությունից եղե՞լ են մարդիկ, որոնք ոչ թե անձնավորված, ոչ թե ինչ-որ բանից նեղացած, ոչ թե Facebook-ում իրար բան իրար նեղացած գրելուց հետո, այլ ծրագրային առումով քննադատած լինեն ներկայիս իշխանություններին:

Էսօր իրական քաղաքական ընդդիմությունը ՀՀԿ-ն է, և գուցե վերջին շրջանում նման միտումներ ցույց է տալիս Դաշնակցությունը, էն էլ մի մասը, իսկ արտախորհրդարանական ուժերից այդքան լավ չեմ պատկերացնում, թե ովքեր են, բայց որպես քաղաքական կուսակցություն, ես ո՛չ խորհրդարանական, ո՛չ էլ արտախորհրդարանական ուժերից, բացի ՀՀԿ-ից, դեռ չեմ լսել փաստարկված քննադատություն Ղարաբաղյան հիմնահարցի, արտաքին քաղաքականության, հայ-ռուսական հարաբերությունների, Հայաստան-Եվրոպա հարաբերությունների, ժողովրդավարության զարգացման, դատական անկախ համակարգի, իշխանությունների տարանջատման սկզբունքի և այլնի մասին:

Էսօր կա մի մեծ զանգված, որը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին, և կա մի փոքր զանգված՝ ի դեմս Հանրապետականի, և մի քիչ էլ միգուցե Դաշնակցության, որոնք քաղաքական գնահատականներով համամիտ չեն Փաշինյանի  վարած քաղաքականությանը:

Արտահերթ ընտրություններում մեզ պետք է, որ ձևավորվի և իրականանա իշխանություն և իրական ընդդիմություն: Քաղաքական համակարգը կարիք ունի գաղափարական, սկզբունքային ընդդիմության և ոչ թե ֆեյք՝ գրպանային ընդդիմության: Մենք շատ դեպքերում ունեցել են քաղաքական խնդիրներ, քանի որ մեր ընդդիմության ոչ ամբողջական զանգվածն է եղել գաղափարական: Հիմա «Լո՞ւյսն» է ընդդիմություն, թե՞ «Ծառուկյան» դաշինքը, թե՞ «Օրինաց երկիրը», որոնք  իրար հերթ չտալով Փաշինյանին հավաստիացումներ են տալիս, որ իրենք ժողովրդի կողմից են: Նրանք լինելու են սերտ ընդդիմություններ: Փաշինյանին անհրաժեշտ է իր նման սուր ընդդիմություն:

– Խորհրդարանական արտահերթ ընտրություններում՝ որպես ընդդիմություն, կարո՞ղ եք ասել՝ որքան մարդ Ձեզ կսատարի:

– Նիկոլ Փաշինյանը, երբ իր շարժումը սկսեց, իր հետ քայլող 4 հոգուց բացի ոչ ոք չէր հավանում, որ մեկ ամիս հետո կդառնա երկրի վարչապետ: Քաղաքականության մեջ իրադրություններն ու իրավիճակները շատ արագ են փոխվում և շատ բան կախված է, թե ինչպիսի քարոզարշավ տեղի կունենա, ինչպիսի քաղաքական թիմով հանդես կգանք, կլինի՞ արդյոք սև ու սպիտակի, ասֆալտին փռելու, թե՞ այս անգամ կլինի գաղափարական պայքար, մարդկանց արանքից հանելու սպառնալիքներ կլինե՞ն, թե՞ կլինեն ազատ, արդար, թափանցիկ,  առանց սպառնալիքների ընտրություններ, որտեղ մարդիկ չեն վախենա առանց վարանելու իրենց կարծիքն արտահայտել:

Ես գաղափարական, ծրագրային դեբատների. այլընտրանք ունենալու կողմնակից եմ: Եթե մենք մի մենաշնորհը փոխելու ենք ավելի վատ մենաշնորհով, որտեղ բոլորը Բրեժնևի նման պետք է ծափահարեն Փաշինյանին, ուրեմն մենք սպանելու ենք մեր երկրում բազմակարծությունը և ստեղծելու ենք նոր կուռքերի պաշտամունք: Եթե ընդդիմությունում ունեցանք հերթական ֆեյքեր, ապա քաղաքական համակարգը գնալու է ոչ թե առողջացման, այլ հերթական դեգրադացման ճանապարհով:

Այս ամենի արդյունքում մենք կունենանք հերթական հիասթափությունը: Մենք  իրավունք չունենք քաղաքական գործընթացները էլի փողոցային պայքարի տանելու, և որպեսզի չլինի փողոցային պայքար, պետք է ձևավորվի իրական ընդդիմություն և իրական իշխանություն ու Ազգային ժողովում լինի սուր ու գաղափարական  քննադատություն, այլ ոչ թե ֆեյք ընդդիմություն:

 

Այս թեմայով
am