«Ձեռքը պետք է խփել սեղանին և այս հարցը լուծել». Արամ Սաթյանը՝ օրհներգը փոխելու մասին.168.am

Տարիներ շարունակ քննարկվում է Հայաստանի հիմնը փոխելու հարցը։ Մշակույթի մի շարք գործիչների կարծիքով՝ Հայաստանի օրհներգը՝ «Մեր Հայրենիքը», որի խոսքերը վերցված են Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից, երաժշտությունը՝ Բարսեղ Կանաչյանի, որևէ աղերս չունի հայ ժողովրդի պատմության և նրա անցած ճանապարհի հետ, ավելին՝ երգում նկարագրվում է հայրենիքի թշվառությունն ու անտերությունը, ինչը, ըստ նրանց՝ ճիշտ չէ։

Հայաստանի հիմնը փոխելու քննարկումները ժամանակ առ ժամանակ ակտիվանում են, սակայն այդպես էլ սայլը տեղից չի շարժվում, քանի որ տարբեր անձինք իրենց նախընտրած տարբերակներն են առաջ քաշում՝ մեկ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի երաժշտությամբ և բանաստեղծ Սարմենի խոսքերով գրված Խորհրդային Հայաստանի օրհներգը, մեկ՝ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» ստեղծագործությունը, և այլն։ Այս վերջին տարբերակի մասին իր հարցազրույցներից մեկում նույնիսկ երջանկահիշատակ շանսոնյեն էր նախկինում խոսել և հնարավոր էր համարել, որ հենց այս ստեղծագործությունն էլ դառնա ՀՀ հիմնը։

Իսկ Արամ Խաչատրյանի երաժշտության հետ կապված, այս տարվա գարնանը մեծանուն կոմպոզիտորի տուն-թանգարանը ստորագրահավաք էր նախաձեռնել՝ նպատակ ունենալով Խարհրդային Միության հիմնը ձևափոխել և դարձնել Հայաստանի օրհներգը։ Այս դեպքում նույնպես արդյունքներ չերևացին։

168.am-ի հետ զրույցում Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, անդրադառնալով հիմնը փոխելու հարցին, փաստեց, որ դեռ վաղուց է ասել, որ օրհներգը պետք է փոխվի, նրա կարծիքը ժամանակին կիսել են մեծանուն կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանը, Էդուարդ Միրզոյանը և Կոնստանտին Օրբելյանը։

«Մեր օրհներգը պետք է փոխվի և այլ ստեղծագործություն պետք է լինի, օրինակ՝ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունն արժանի գործ է, քանի որ այն ունի վերելք, հիմնված է հայկական տաղերի վրա։ Մեկ տարբերակ էլ կա՝ կոմպոզիտոր Գաբրիել Երանյանի «Հայաստան» երգը, որը ստեղծվել է 1812 թվականին։ Մենք միշտ խոսում ենք, մինչդեռ պետք է նստել սեղանի շուրջ, քննարկել այս հարցը և որոշել, թե ո՞ր ստեղծագործությունը պետք է դառնա օրհներգ։ Ձեռքը պետք է խփել սեղանին և այս հարցը լուծել։ Հայրս պատմում էր, որ 1944 թվականին մեր օրհներգի վերաբերյալ մրցույթ էր հայտարարվել, որին մասնակցել էին տարբեր հայ կոմպոզիտորներ, այդ ժամանակ էլ հանձնաժողովը բռունցքը խփել էր սեղանին և հայտարարել, որ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունը պետք է լինի օրհներգ, մեկ բռունցքով պետք է ասել, թե մենք ինչպիսին ենք»,- նշեց Արամ Սաթյանը։

Կոմպոզիտորի բնորոշմամբ, «Մեր հայրենիք» ստեղծագործության մեջ առկա են վարընթաց շարժումներ, երաժշտությունն իջնում է, կան այնպիսի հնչերանգներ, որոնք ժողովրդին, հայրենիքը նսեմացնում ու խեղճացնում են։

«Մենք այսօր պետք է ունենանք ավելի առույգ երաժշտությամբ և վերելքով օրհներգ։ Կարծում եմ՝ խորհրդանիշներն ազդում են երկրի, մարդկանց վրա, այդ ամենը գնում է դեպի տիեզերք և հետ գալիս, մենք այս ամենը պետք է հաշվի առնենք»,- եզրափակեց Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահը։

Նշենք, որ ՀՀ ներկայիս օրհներգը հաստատվել է 1991 թվականին՝ Հայաստանի Երրորդ հանրապետության Գերագույն խորհրդի կողմից, իսկ արդեն 2006 թվականի դեկտեմբերի 25-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության մասին» ՀՀ օրենքը։

Այս թեմայով
am