Աննա Հակոբյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների առաջին տիկնանց հրավիրել է կրկին այցելել Հայաստան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների առաջին տիկնանց հրավիրել է կրկին այցելել Հայաստան, իսկ առաջին տիկնայք էլ իրեն են հրավիրել իրենց երկրներ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Աննա Հակոբյանը:

Հակոբյանն ընդգծեց, որ նրանք սիրով ցանկություն են հայտնել կրկին վերադառնալ Հայաստան, որովհետև հասկանում են, որ ավելի երկար ժամանակ է պետք Հայաստանն ամբողջությամբ ընկալելու համար:

«Չգիտեմ, իհարկե, նրանք երբ կկարողանան գալ, բոլորը զբաղված մարդիկ են, բայց ես հույս ունեմ, որ նրանք կվերադառնան: Նրանք էլ մեզ են հրավիրել իրենց երկրներ: Ես իսկապես շատ լավ եմ զգում, որ մեր երկիրը այդքան սիրելի է դառնում մեր հյուրերի համար: Անկախ նրանից, թե որ երկրից են իրենք եկել, ինչ մշակույթի և ինչ մտածելակերպի կրող են, բոլորը սիրով են խոսում մեր երկրի մասին: Նրանք, իսկապես, տպավորված են Երևանում Ֆրանկոֆոնիայի օրերի ժամանակ կազմակերպված միջոցառումներով»,- շեշտեց ՀՀ վարչապետի տիկինը:

Նա շատ ուրախ է, որ Հայաստանը կարողացել է այդպիսի տպավորություն թողնել և որ հաջողվել է ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպել:

Աննա Հակոբյանը նշեց, որ հյուրերը հասցրել են նաև համտեսել հայկական խոհանոցի ուտեստները հոկտեմբերի 11-ին, «Մեգերյան Կարպետ»-ում:

«Իրենք մեր երկրից առնվազն կտանեն ջերմ տպավորություններ, և ենթադրում եմ, որ առաջին իսկ հնարավորության դեպքում նրանք կվերադառնան մեզ մոտ»,- ասաց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Լրագրողների հետ զրույցից հետո Աննա Հակոբյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների առաջին տիկնանց հետ ուղևորվեց Ազատության հրապարակում տեղակայված Ֆրանկոֆոնիայի ավան, որտեղ շրջայց կատարեցին, լուսանկարվեցին քաղաքացիների հետ ու բարեմաղթանքներով փոխանակվեցին:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տիկին Բրիջիտ Մակրոնն առանձին դուրս եկավ Ֆրանկոֆոնիայի ավանից, ապա զբոսնեց Հյուսիսային պողոտայում, որտեղ նրա հետ լուսանկարվեցին բազմաթիվ երևանցիներ:

Այս թեմայով
am