Դավիթ Սանասարյանը հանդիպեց Մարալիկի համայնքապետի հետ, ապա ակցիայի մասնակիցներին կոչ արեց ժամանակավորապես դադարեցնել ակցիան

 

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը Մարալիկում հանդիպում ունեցավ համայնքապետ Արտակ Գևորգյանի հետ, ում հրաժարականը պահանջում են բնակիչները:

Նախքան համայնքապետի  ժամանելը, բնակիչներn արդեն Դավիթ Սանասարյանի կոչով բացել էին համայնքապետարանի դուռը, որի փակված լինելու պատճառով աշխատակցիները չէին կարող մուտք գործել:

Դավիթ Սանասարյանը համայնքապետից խնդրեց իրենց անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել, իսկ համայնքապետը պատասխանեց, որ սիրով կտրամադրեն, սակայն այսօր ոչ աշխատանքային օր է և աշխատակիցներն աշխատանքի չեն: «Աշխատանքային օր կտրամադրենք, դուք էլ ձեր վերահսկողությունը կանեք»,-ասաց նա:

Արտակ Գևորգյանն ասաց, որ ինքը չորս անգամ վերընտրվել է և հիմա էլ խոշորացված համայնքի ղեկավարն է, արդեն 11 ամիս պաշտոնավարում է: «Բնակիչների կողմից խորը վստահություն և պահանջ կա, որ տեր կանգնեն 11 ամիս առաջ տված քվեին, որոնք տվել են իրենք:

Իհարկե, խորին հարգանքով եմ վերաբերում վարչապետ կոչին, բայց պետք է խաղաղության և հավասարկշռության բալանսը  պահպանվի»,-ասաց նա` անդրադառնալով Դավիթ Սանասարյանի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի մեջբերմանը, ըստ որի, եթե համայնքապետերն այդքան ուժեղ են, ապա թող հրաժարական տան և նորից մասնակցեն ընտրությունների:

Դավիթ Սանասարյանը նշեց, որ այսօր կա ճգնաժամ, որը պետք է լուծվի: Նա նկատեց, որ տաս աշխատանքային օր աշխատակիցները չեն կարողանում ներս մտնել և հարց բարձրացրեց, թե ինչպե՞ս է պատկերացնում լուծման տարբերակները: «Ճիշտ չէ, որ այս ճգնաժամը երկար տևի»,-ասաց նա:

Համայնքապետը նկատեց, որ հավաքված բնակիչների մեջ կան մարդիկ, որոնք օրենքի հետ խնդիրներ ունեն և սեփական շահեր ունեն, և կան նախկին թեկնածուներ, որ ձայն չեն ստացել: «Նրանք Նոր Հայաստանի հետ, նոր ժամանակաշրջանի հետ առնչություն չունեն»,-ասաց նա:

Դավիթ Սանասարյանը կոչ արեց գնահատականներ չտալ: Այնուհետև, դուրս գալուց հետո, նա համայնքի բնակիչներին ներկայացրեց համայնքապետի հետ ունեցած խոսակցության մասին: «Խնդրում եմ, հանգիստ դուք ձեր գործով գնացեք, եթե հասել ենք այստեղ, ուրեմն զբաղվում ենք այդ գործով, թողեք ելումուտ անեն, խոչընդոտներ չլինեն համայնքապետի աշխատողների համար, նրանց պետք է շատ հարցեր տանք, դրա համար խնդրում ենք այս բողոքի ակցիան, գոնե ժամանակավորապես, քանի դեռ գործ ենք անում, դադարեցրեք մնացածն օրեր անց կերևա: Ես ո՞վ եմ, որ ձեզ ասեմ՝ հրաժարական մի պահանջեք»,-ասաց նա:

Դավիթ Սանասարյանը նշեց, որ համայնքապետի հրաժարականը պահանջելը բնակիչների իրավունքն է, բայց կոչ արեց չփակել դուռը, թույլ տալ աշխատել,  քանի որ շատ հարցերի պետք է պատասխանեն համայնքապետարանի աշխատակիցները: Նա նշեց, որ ծառայության աշխատակիցները երկուշաբթի կլինեն համայնքապետարանում:

Այսպիսով՝ բնակիչները համաձայնեցին այլ տեղ բարձրացնել իրենց պահանջը՝ չխանգարելով  համայնքապետի աշխատանքներին:

 

 

 

 

Այս թեմայով
am