ՖՄԿ գագաթնաժողովը վերսկսել է աշխատանքները. օրակարգում է գլխավոր քարտուղարի ընտրության հարցը

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում առավոտյան ժամը 08:45-ից շարունակվում են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի աշխատանքները: 

Այսօր գագաթնաժողովի երկրորդ օրն է: Օրակարգով նախատեսված է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի զեկույցի ներկայացում, գլխավոր քարտուղարի զեկույցի և գագաթնաժողովի  թեմայի ընդհանուր քննարկում, հայտարարության, բանաձևերի և գագաթնաժողովի այլ փաստաթղթերի ընդունում, ասոցացված անդամների հայտարարություն և հաջորդ գագաթնաժողովի վայրի և ամսաթվի սահմանում: Հաջորդ գագաթնաժողով 2020թ. կանցկացվի Թունիսում: 

Այսօր տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի ընտրությունը՝ լիիրավ անդամների դռնփակ նիստի ժամանակ՝ 1+0 ձևաչափով: Գլխավոր քարտուղարի պաշտոնի համար մրցակցում են Կանադան ներկայացնող գործող քարտուղար Միկայել Ժանը և Ռուանդայի արտգործնախարար Լուիզ Մուշիկիվաբոն:

Միկայել Ժանն այս պաշտոնն զբաղեցնում է 2015-ի հունվարից, իսկ Լուիզ Մուշիկիվաբոյի թեկնածությունն առաջադրել է Աֆրիկյան պետությունների միությունը։ 

Ինչպես նշվեց, այսօր գագաթնաժողովի ընթացքում ՖՄԿ-ը ընդունելու է բանաձևեր: Օրեր առաջ լրատվամիջոցների հետ զրույցում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր, որ դրանց թիվը 6-ն է, և դրանցից մեկում լինելու են ձևակերպումներ նաև ԼՂ հիմնախնդիրների նման հակամարտությունների վերաբերյալ:

Նախկինում ևս Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովների ժամանակ ընդունվել են ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ բանաձևեր: Մասնավորապես 2012-ի՝ Կինշասայում, 2014-ին՝ Դակարում,  2016-ին՝ Անտանանարիվուում  ընդունված բանաձևերի ձևակերպումներում ՖՄԿ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարներն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերին։

Նրանք նաև կոչ են արել հակամարտության բոլոր կողմերին՝ զերծ մնալ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման  գործընթացը, շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա:

Հիշեցնենք, որ Երևանում անցկացվող ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։ Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։

Գագաթնաժողովն ամփոփվելու է այսօր՝ եզրափակիչ մամուլի ասուլիսով:

Այս թեմայով
am