ՔՊ-ն ունի կայուն աջակցություն, ԲՀԿ-ի ամբիցիաները և ՀՅԴ-ի շանսերը նվազել են, ՀՀԿ-ն պառակտված է, «Լույսը» չի օգտագործում պոտենցիալ ներուժը. քաղտեխնոլոգ

Հոկտեմբերի 2-ի ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխության իրադարձություններից հետո քաղաքական ամբողջական դաշտի վերաֆորմատավորման գործընթաց է գնում։

Նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով դեկտեմբերին նախատեսված արտահերթ ընտրություններից հետո խորհրդարան մտնելու՝ քաղաքական ուժերի հնարավորությունների մասին:

«Երևանի ավագանու ընտրությունները և դրանից հետո փողոցի գործընթացները ցույց տվեցին, որ իշխանությունն ունի կայուն աջակցություն, որը թույլ է տալիս ենթադրել, որ քաղաքական կայուն մեծամասնության ապահովելն առանձնապես խնդիր չի լինելու, մանավանդ որ ընտրությունները երկու ամսից պակաս ժամանակում կանցկացվեն, եթե իհարկե ֆորս–մաժորային բնույթ կրող իրադարձություններ չլինեն»,- ասաց նա:

Ըստ քաղտեխնոլոգի՝ ոչ իշխանական քաղաքական դաշտում բավական լուրջ վակուում է առաջացել, և իշխանությունը նաև զբաղված է ոչ իշխանական կամ ընդդիմադիր դաշտի վերաֆորմատավորմամբ:

«Հիմա ընդդիմադիր դաշտ չենք կարող կոչել, քանի որ բացի ՀՀԿ-ից որևէ այլ ուժ չի հայտարարում, որ ինքն ընդդիմադիր է, և հայտարարում են, որ աջակցում են հեղափոխական սեկտորին. օբյեկտիվորեն դե յուրե լինելու է ընդդիմություն, բայց դե ֆակտո լինելու է խորհրդարանում քաղաքական մեծամասնություն և ոչ իշխանական դաշտ»,- ասաց նա:  

Վիգեն Հակոբյանը, առանձին անդրադառնալով որոշ քաղաքական ուժերի, տեսակետ հայտնեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շանսեր է ունենալու մեկ երրորդում իր տեղը ունենալու: «Թեպետ կարծում եմ, որ հոկտեմբերի 2-ից հետո իր ամբիցիաները բավականին թուլացել են, և դա զգացվում է յուրաքանչյուր խոսքում ու քայլում»,- ասաց նա:

Խոսելով «Լույս» դաշինքի հնարավորությունների մասին՝ քաղտեխնոլոգը նշեց, որ կարծում է՝ նրանք շանս ունեն պայքարելու և իրենց տեղը ունենալու խորհրդարանում: «Իհարկե, չեմ կարծում՝ դա հեշտ է լինելու, եթե դաշինքով հանդես գան, քանի որ անցողիկ շեմն ըստ էության ավելի բարձր է, քան եթե մեկ կուսակցություն լիներ, եթե նույնիսկ օրենքի նախագիծը հասցնեն ընդունել՝ շեմը 7 տոկոսից իջեցնելով 6-ի, կրկին բավականին նորից բարձր տոկոս է, բայց կարծում եմ որոշակի շանսեր կան, որը ցույց տվեցին ավագանու ընտրությունները: Այստեղ հարց է՝ ինչպես կուսակցությունը իրեն կդիրքավորի, կկարողանա արդյոք իր պոտենցիալ էլեկտորատին՝ պրոարևմտյան լիբերալ արժեքներ կրող հատվածին  կոնսոլիդացնել: Կարծում եմ՝ քաղաքապետի  ընտրություններին դա իրեն չէր հաջողվել՝ հաշվի առնելով՝ քանի տոկոս է ստացել»,- ասաց նա:

Հանրապետական կուսակցության հետ կապված՝ Հակոբյանի գնահատականով՝ նրանք հիմա «պլացդարմ են պատրաստում», բացատրեն, թե ինչու չեն մասնակցելու ընտրություններին: «Այս վերջին իրենց հայտարարությունը, որ իրենք դեմ չեն արտահերթ ընտրություններին, բայց դեմ են հապճեպ անցկացնելուն և այլն, արդեն հիմնավորումներ են նախապատրաստում, թե ինչու չպետք է մասնակցեն: Ես, իհարկե, ճիշտ եմ համարում չմասնակցելը այս պայմաններում,  ընդամենը երկու ամիս հետո մասնակցել ընտրություններին՝ կնշանակի արձանագրել սեփական պարտությունն ու անկումը: Այդ կուսակցությունն այս տեսքով, այլ իրավիճակում և այն պրոցեսներով, որ կան ներսում, ակնհայտորեն ոչ այդքան վերահսկելի մասնատման պրոցեսների պայմաներում, որևէ լուրջ ակնկալիքներ ընտրություններից չի կարող ունենալ»,- ասաց նա:

«Սասնա ծռեր» կուսակցության մասով քաղտեխնոլոգն ասաց, որ միշտ կա հանրության մեջ ինչ-որ զանգված, որը ծայրահեղ տրամադրվածություններ ունի: «Կարծում եմ՝  հասարակության մեջ միշտ կգտնվեն մարդիկ, հատկապես սոցիալապես շատ բևեռացված, ծանր վիճակում գտնվող, ովքեր ձայն կտան նման հետագիծ ունեցող քաղաքական ուժին, բայց դժվարանում եմ ասել արդյոք դա բավարար է շեմը հաղթահարելու, թեև իրենք հայտարարում են, որ երկրորդ ուժն են լինելու, բայց դրանք քաղաքական նախընտրական PR-ի էլեմենտներից են»,- ասաց նա:

«Հայ Յեղափոխական Դաշնակցության շանսերը, հաշվի առնելով արդյունքները, որ ունեին ավագանու ընտրություններին և այն հանրային ընկալման խնդիրը, որ իրենք ունեն հոկտեմբերի 2-ից հետո, բավական խնդրահարույց են, թեպետ իրենք էլ կարող են հույսը դնել օրենքի այն դրույթի վրա, որ 4 ուժ լինի խորհրդարանում, և պարտադիր չլինի, որ չորորդ ուժն ունենա անցողիկ շեմ»,- ասաց նա:

Վիգեն Հակոբյանը նաև հավելեց, որ քաղաքական դաշտում բավական լավ հեռանկարներ կստանան այն ուժերը, որոնք նոր են ստեղծվում, թեպետ, ըստ նրա, այն ուժերը, որոնք մասնակցել են հեղափոխական գործընթացներին, քաղաքական, քաղաքացիական գործընթացներին՝ «Դեմ ենք» շարժում, «Էլեկտրիկ Երևան», «Մենք ենք տերը մեր երկրի», ըստ էության այսօրվա իշխանության հետ ասոցացվում են:

«Կարծում եմ՝ իշխանությունը շահագրգիռ է, որ նոր ուժեր գան, ոչ միայն իշխանությունը նորը լինի, այլ նաև ամբողջ քաղաքական դաշտը, ներառյալ՝ ընդդիմադիր և ոչ իշխանական դաշտը, դրա համար իշխանության կողմից 4-րդ ուժ մտցնելը գուցե ոչ շատ կտրուկ, բայց նաև նոր ուժերի մուտքը խորհրդարան ապահովելու նպատակ ունի»,- եզրափակեց նա:

 

Աղբյուրը ՝ tert.am

Այս թեմայով
am