Անօդաչու համակարգերի շահագործման և գրանցման նոր կանոնակարգ կմշակվի

ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն նախաձեռնել է անօդաչու համակարգերի անվտանգ շահագործման և գրանցման նոր կանոնակարգի մշակման աշխատանքները։

Քաղավիացիայի վարչության հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Կանոնակարգում չեն ներառվելու մինչև 250 գրամ քաշով անօդաչու համակարգերով կատարվող թռիչքները, խաղալիք անօդաչու թռչող համակարգերով կատարվող թռիչքները (երեխաների համար), ինչպես նաև մասնավոր սեփականություն հանդիսացող փակ տարածքներում շահագործվող անօդաչու թռչող համակարգերը:

14 տարեկանից ցածր անձինք իրավունք ունեն օգտվել անօդաչու թռչող համակարգերից միայն չափահաս անձանց հսկողության ներքո:

Կանոնակարգը շուտով հասանելի կլինի: Մինչ այդ, խնդրում ենք հետևել ընդհանուր պահանջներին.

ՉՊԵՏՔ Է

• Չպետք է կատարել որևէ փոփոխություն անօդաչու թռչող սարքի հետ՝ առանց արտադրողի հաստատման:
• Չպետք է գործածել անօդաչու թռչող համակարգը 50 մ-ից առավել բարձրություն ունեցող տեղանքի կամ ջրային մակերեսի վրա՝ առանց հատուկ թույլտվության: Չպետք է գործարկել անօդաչու թռչող համակարգը քաղաքների, փողոցների, այգիների եւ այնպիսի օդային տարածքների վրա, որտեղ անօդաչու սարքի գործողությունը նախապես սահմանափակում է: Մի օգտագործեք անօդաչու թռչող սարքերը խիտ բնակեցված ու բազմամարդ վայրերում:
• Չպետք է շահագործել անօդաչու թռչող համակարգը երեկոյան, գիշերը՝ մութ ժամանակ։
• Չպետք է շահագործել անօդաչու թռչող համակարգը շենքի և խաղադաշտի վրա, երթևեկությանը մոտ տարածքներում, բարձր լարվածության գծերի եւ լարերի շրջակայքում:
• Չօգտագործել անօդաչու թռչող համակարգը օդանավերի և օդանավակայանների հարևանությամբ: Օդանավակայանի հսկվող սահմանափակ տարածքի հորիզոնական հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս, քան 7 կմ:
• Անօդաչու թռչող համակարգը չպետք է գործածվի անօրինական նպատակներով: Հանրային կամ սեփական տարածքներում լուսանկարելու նպատակով անօդաչու թռչող համակարգերը կարող են օգտագործվել միմիայն սեփականատիրոջ կոմից թուլյտվության առկայության պարագայում: Հարկ է հիշել, որ մասնավոր սեփականության գաղտնիությունը և անձեռնամխելիությունը երաշխավորված և պաշտպանված են ՀՀ օրենքով:
• Նաև պետք է նշել, որ անօդաչու թռչող սարք շահագործողներն իրենք են պատասխանատու ապահով գործարկման համար: Անօդաչու թռչող սարքի սխալ գործարկումը կարող է վտանգել ավիացիան և հանրային ապահովությունը:

ՊԵՏՔ Է

• Խստագույնս հետևել ՔԱԳՎ-ի 2007 թվականի 56N հրամանի պահանջներին (թարմացվել է 2016 թվականին):
• Համոզվել, որ պատշաճ կերպով ապահովագրված եք:
• Ստուգել անօդաչու թռչող համակարգը յուրաքանչյուր թռիչքից առաջ. համոզվել, որ ձեր անօդաչու թռչող սարքի էլեկտրոնային նույնականացման և աշխարհագրական դիրքի համակարգը արդիական է (առկայության դեպքում):
• Գործարկել անօդաչու թռչող համակարգը պահպանելով արտադրողի կողմից սահմանված տեխնիկական նորմերը և սահմանափակումները: Նախքան անօդաչու սարքի գործարկումը, պետք է համոզվել, որ դրա բոլոր տարրերը պատշաճ կերպով աշխատում են:
• Թռիչքները պետք է իրականացնել բացարձակապես պարզ և վիզուալ օդերևութաբանական պայմաններում։ Շարունակաբար պահպանել տեսողական կապը անօդաչու թռչող սարքի հետ `առանց որեւէ օժանդակ սարքերի օգտագործման (աստղադիտակ, հեռադիտակ, էլեկտրական օպտիկական պատկերի ուժեղացուցիչ): Անթույլատրելի է գործածել անօդաչու թռչող համակարգը 50 մ-ից առավել բարձրություն ունեցող տեղանքի կամ ջրային մակերեսի վրա՝ առանց հատուկ թույլտվության:
• Ծանոթանալ այն տարածքի հետ, որտեղ դուք ցանկանում եք գործարկել անօդաչու թռչող համակարգը, պլանավորել թռիչքը:
• Ստուգել եղանակային պայմանները: Անօդաչու թռչող սարքի գործարկումը անբարենպաստ եղանակային պայմաններում կարող է վտանգավոր լինել ինչպես ձեզ, այնպես էլ շրջապատող մարդկանց համար և կարող է կործանարար լինել սարքի համար:
• Տեղեկացնել Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեին, եթե ձեր անօդաչու թռչող սարքի հետ պատահար է տեղի ունենում, ինչը հանգեցնում է անձի լուրջ կամ մահացու վնասվածքի, կամ ազդում է օդանավի վրա»:

Այս թեմայով
am