Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կամբոջայի փոխվարչապետի հետ

Հոկտեմբերի 10-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Կամբոջայի Թագավորության փոխվարչապետ Հոր Նամհոնգի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանը բարձր է գնահատել միջազգային հարթակներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ առկա սերտ համագործակցությունը, որը լավ հիմք է երկկողմ օրակարգի առաջմղման համար:

Այդ առումով որպես առաջնային քայլ զրուցակիցներն ընդգծել են արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մասին Նյու Յորքում ստորագրված փոխըմբռնման հուշագիրը:

Հայաստանի ԱԳ նախարարը նշել է, որ Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների առավել զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում է, և այդ առումով լիարժեք կիրառվում են բազմակողմ ձևաչափերի ընձեռած հնարավորությունները: Երկուստեք կարևորվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կամակերպությունը՝ որպես լավ հարթակ անդամ պետությունների միջև կապերի առավել ամրապնդման համար:

Այս համատեքստում մտքեր են փոխանակվել ՖՄԿ 17-րդ գագաթաժողովի աշխատանքային ծրագրի, ներկայացվելիք փաստաթղթերի, ինչպես նաև հարակից միջոցառումների վերաբերյալ: Նախարար Մնացականյանը իր զրուցակցին ներկայացրել է կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները: 

Այս թեմայով
am