Ուրախ ենք Երևանում ընդունել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, բարի գալուստ հայկական հող. Ն. Փաշինյանի ելույթը

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթն սկսեց նախ իր ցավն արտահայտելով աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:

«Կցանկանայի նախ արտահայտել այն անսահման ցավը, որն ինձ համակում է, երբ մտածում եմ Շառլ Ազնավուրի մասին: Նա այնքան կցանկանար լիներ մեր կողքին՚,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ շանսոնյեն, նրա գլուխգործոցները կմնան մեր հիշողություններում:

«Մենք սգում ենք, որովհետև սիրում ենք»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Շառլ Ազնավուրը, լինելով  նաև մեր դեսպանը, բարձր է պահել մեր անունը: «Մենք հավերժ երախտապարտ կլինենք նրան դրա համար: Նա հեռացավ մեզնից, բայց այսօր ներկա է մեր մտքերում»,- ասաց նա՝ առաջարկելով նրա հիշատակը ծափահարություններով հարգել:

ՀՀ վարչապետը, դիմելով գագաթնաժողովի մասնակիցներին, նշեց, որ ուրախ ենք Երևանում 17-րդ գագաթնաժողովն ընդունելու համար:

Բոլորին մաղթեց բարի գալուստ հայկական հող, քրիստոնեական բնօրրան, հազարամյակների պատմություն և մշակույթ ունեցող Հայաստան, որն այս ամիս նշում է իր մայրաքաղաքի 2800-ամյակը:

ՀՀ վարչապետը նշեց, որ կարևոր է հետևել այս երևանյան գագաթնաժողովի կարգախոսի՝ «Ապրելով միասին»-ի սկզբունքներին, և համախմբվել դրանք կլյանքի կոչելու համար:

Նա նշեց, որ գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու են ֆրանկոֆոն երկրներին վտանգ սպառնացող հակամարտություններն ու ճգնաժամերը, անդրադարձ կատարեց ԼՂ հակամարտությանը:

«Այս հակամարտությունների հետևողական գոյությունը նաև պարտավորեցնում է մեզ վերահաստատել ճանաչված միջազգային բանակցային ձևաչափերի շրջանակներում հակամարտությունների խաղաղ կարգավորման մեր հանձնառությունը: Դա նաև վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, որի շուրջ բանակցային գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի համանախագահության ձևաչափում։ Խոսքը գնում է արդեն տասնամյակներ տևող և բազմաթիվ տառապանքներ պատճառած հակամարտության մասին։ Հակամարտությունը հակադրության մեջ է դրել արդեն ավելի քան 25 տարի իր ինքնորոշման իրավունքն իրականացնող Լեռնային Ղարաբաղին և Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների հետ երկխոսությունը մերժող Ադրբեջանին։ Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղը պետք է որոշիչ ձայն ունենա խաղաղ բանակցային գործընթացում, և իր կարգավիճակը պետք է որոշվի՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման իրավունքը։ Միևնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղի համար առանցքային նշանակություն ունի անվտանգության հարցը։ Վերջինս այնքան հաճախ է դարձել իր իրավունքների ոտնահարման, խտրականությունների և վայրագությունների զոհ, որ երկխոսության և ուժի կիրառման կրկնվող փորձերը լուրջ վտանգի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական գոյությունն իսկ։ Մենք հավատում ենք, որ խաղաղությանը միտված մթնոլորտի ստեղծումն առանցքային է կարգավորման գործընթացի առաջմղման համար և մեր ողջ ջանքներն ուղղված են փոխվստահության միջոցների շուրջ արագ և համապարփակ համաձայնությունների ձեռքբերման խրախուսմանը, որոնք կենսական նշանակություն ունեն հակամարտության բոլոր կողմերի բնակչություններին խաղաղությանը պատրաստելու համար»,- նշեց ՀՀ վարչապետը:

 

 

Այս թեմայով
am