150.000 դրամ ջրի պարտքի կեսը՝ կաշառք ԲՀԿ–ից. գործի նախաքննությունն ավարտվել է

Ընտրակաշառք տալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ԲՀԿ առաջադրված Երևանի ավագանու անդամի թեկնածու Ս. Շ.-ն, իր կուսակցության օգտին քվեարկելու համար նախընտրական փուլում կաշառք է տվել Ա. Մ.-ին: Այս մասին  հայտնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից։

Մասնավորապես, 2018թ. սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին նախընտրական փուլում՝ սեպտեմբերի 19-ին, ԲՀԿ թեկնածու Ս. Շ.-ն պարզելով, որ Երևան քաղաքի բնակիչներ` ամուսիններ Շ. Մ.-ն և Ա. Մ.-ն մասնակցելու են ընտրություններին, Բարգավաճ Հայաստան կուսակցության օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու շահերից ելնելով՝ նրանց առաջարկել է քվեարկել իր ներկայացրած կուսակցության օգտին:

Ա. Մ.-ն Ս. Շ.-ի ներկայացրած կուսակցության օգտին քվեարկելու համար վերջինիցս պահանջել է դրա դիմաց վճարել իրենց խմելու ջրի պարտքը՝ 150.000 ՀՀ դրամ գումարի չափով:

Ս. Շ.-ն խոստացել է Ա. Մ.-ին և նրա ամուսնուն ընտրություններից հետո վճարել նրանց խմելու ջրի պարտքի կեսը:

Ս. Շ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ Ա. Մ.-ին՝ 154.2-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հիշեցնենք, որ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս թեմայով
am