ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է համատեղ մարտավարական զորավարժության ընթացքին

Հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարան, հետևել ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների համատեղ մարտավարական զորավարժության ընթացքին:


ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը լսել է զորավարժության հրամանատարության զեկույցները զորավարժության մտահաղացման, սցենարի, փուլերի, նպատակների և առանձնահատկությունների, մասնակից զինծառայողների պատրաստության մասին, առաջադրված խնդիրների վերաբերյալ կատարել որոշակի ճշտումներ:


Դավիթ Տոնոյանը հետևել է պայմանական հակառակորդի ոչնչացման ուղղությամբ զորավարժության սցենարով խաղարկվող մասնակից ստորաբաժանումների ուսումնական գործողություններին: Ներգրավված մեծաքանակ ուժերի և միջոցների շնորհիվ անձնակազմը ներդաշնակ և օպերատիվ կերպով կատարել է առաջադրված խնդիրները:


ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների համատեղ մարտավարական զորավարժության նպատակն է կատարելագործել համահավաք գնդի և գումարտակների հրամանատարների գործնական ունակությունները, ապահովել անձնակազմի գործողությունների ներդաշնակումը ստորաբաժանումների ղեկավարման, մարտական պատրաստականության աստիճանի բերման և պաշտպանական մարտ վարելու ժամանակ:


Զորավարժության հերթական փուլի ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Արմավիրի ուսումնական բրիգադ, դիտարկել զորամասում ընթացող շինարարական աշխատանքները:

Այս թեմայով
am