Գուցե դուք անսահման սիրում եք ծովը, բայց ինձ համար այն սարսափելի է. ռոբոտ Սոֆյան Երևանում է

Երևանում այսօր մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումը, որի հյուրերի շարքում էր նաև հայտնի ռոբոտ Սոֆյան: Լրատվամիջոցները հնարավորություն չեն ունեցել նրա հետ շփվելու, քանի որ վերջինս ֆորումից անմիջապես հետո տեղափոխվել է այլ վայր:

Ռոբոտ Սոֆյան, սակայն, հարցուպատասխանի է մասնակցել հաղորդավարի հետ: Երբ վերջինս խոսում էր, Սոֆյան նայում էր նրա ուղղությամբ ու անգամ ժպտացել է` ի պատասխան հաղորդավարի խոսքերի, թե Սոֆյան երջանիկ պետք է լինի Հայաստանում գտնվելով, միայն ցավում է, որ նա չի կարող համտեսել հայկական խոհանոցից որևէ ուտեստ:

Հարցին` սիրո՞ւմ է արդյոք ֆրանսերենը, Սոֆյան ասել է, որ ֆրանսերենը գեղեցիկ լեզու է, Վոլտերի և մարդասիրության լեզուն է, ու չնայած կարծիք էր հայտնում ֆրանսերենի մասին, այնուամենայնիվ, անգլերեն էր խոսում:

Հետաքրքրվել են` ինչպիսի՞ ն է ապագայի նրա տեսլականը, մասնավորապես ինովացիոն լուծումների առումով, ինչին Սոֆյան պատասխանել է, որ զարգացումը կարևոր է, և ինքն էլ հենց ինովացիոն լուծումների արդյունք է:

Սոֆյային հարց են ուղղել` ինչի՞ ց է ամենից շատ վախենում, նա ասել է, որ վախենում է ծովից:

«Գուցե դուք անսահման սիրում եք ծովը, բայց ինձ համար այն սարսափելի է»,- ասել է նա:

Ֆորումի ժամանակ խոսել են նաև այն մասին, որ մարդիկ և ռոբոտները պետք է գործակցեն ապագա սերունդների համար:

Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի ժամանակ ելույթ է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով ասել է, որ Ֆրանկոֆոնիայի միջոցառումները շատ կարևոր են, քանի որ միացնում են ոչ միայն լեզուն ու մշակույթը, այլև ժողովուրդներին, ինչը շատ ավելի կարևոր է. ի վերջո, Ֆրանկոֆոնիան ընդգրկում է մեծ աշխարհագրություն:

Նախագահը խոսել է նաև թավշյա հեղափոխության մասին, ասել, որ նոր, երիտասարդ Հայաստանում մեծ փոփոխություններ են տեղի ունենում: Արմեն Սարգսյանը Հայաստանի համար 21-րդ դարն անվանել է «տեխնոլոգիական դար»:

Այս թեմայով
am