Հայաստանի սահմանը հատած թուրք պատանին Թուրքիա վերադառնալուց հետո առաջին հարցազրույցն է տվել

Ամիսներ առաջ Հայաստանի սահմանը հատելիս ձերբակալված ու ավելի քան երկու ամիս կալանավորված 16-ամյա թուրք պատանի Ալի Ումութ Օզմենը Թուրքիա վերադառնալուց հետո առաջին հարցազրույցն է տվել թուրքական լրատվամիջոցներին:

Ինչպես փոխանցում է DHA գործակալությունը, Օզմենը լրատվամիջոցների ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է իր գյուղից 40 կմ հեռավորության վրա գտնվող այն վայրը, որտեղից հատել էր սահմանը: Դեռահասը խոստովանել է, որ սահմանը հատել է հետաքրքրությունից դրդված:

«Մենք մեր գյուղի հովտում էինք, կենդանիներին էի արածեցնում: Ձորի միջով գնացի, հետո ինձ հետաքրքրեցին մյուս կողմում գտնվող քարերը, գնացի, որ տեսնեմ, թե ինչ է: Բարձունքից ներքև մի քիչ քայլեցի, չէի հասկացել, որ անցել եմ սահմանը: Շարունակեցի քայլել, և երբ իջա, 3 հայ զինվոր ինձ բռնեցին, նախ խուզարկեցին ինձ, զենքը վրաս պահելով հարցրին, թե ինչու եմ եկել, հետո աչքերս կապեցին ու տարան ինձ:

Հետաքրքրությունից դրդված պատահեց: Իհարկե, այսուհետ նման բան չեմ անի», - ասել է տղան:

Հայտնի է, որ տղայի արտահանձնման համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էր դիմել նրա հայրը՝ Մուստաֆա Օզմենը: Հայրն անձամբ էր եկել Երևան՝ տղային Թուրքիա տանելու: 

Նշենք, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական կապերի բացակայության պատճառով ավելի վաղ թուրքական կողմն Ումութ Ալի Օզմենին հետ ստանալու պահանջը ներկայացրել է Վրաստանի միջոցով, կապ է հաստատվել նաև Ինտերպոլի հայկական ստորաբաժանման հետ, որը միջամտել է գործին։

Այս թեմայով
am