Իրաքում սերիական սպանություններից հետո կանայք սկսել են հրաժարվել սոցցանցերից

Իրաքում աղմկահարույց սերիական սպանություններից հետո կանայք սկսել են հրաժարվել հասարակական կյանքից, մասնավորապես՝ սոցցանցերից:

Օգոստոսի սկզբից Իրաքում սպանվել է 5 կին՝ գրում է BuzzFeed News-ը եւ հավելում, որ ներկայում երիտասարդ կանայք տառացիորեն պայքարում են իրենց կյանքի համար։

Սեպտեմբերի 27-ին երկրում մահացած գտել էին «Միսս Բաղդադ-2015» մրցանակակիր Տարա Ֆարեսին։ ՆԳՆ-ն հայտնել էր, որ 22-ամյա աղջկան հրազենից սպանել են սեփական ավտոմեքենայում՝ Բաղդադի շրջաններից մեկում։ Նրա սպանությունից մի քանի օր հետո մահվան սպառնալիքներ էր ստացել «Միսս Իրաք-2015»-ի հաղթող Շայմա Կասիմը։ Իսկ Ֆարեսի մահվանից 2 օր առաջ սպանվել էր 46-ամյա իրավապաշտպան Սոադ Ալ Ալին։ Օգոստոսին եւս երկու սպանված աղջիկների դիակներ էին գտնվել իրենց բնակարաններում։ Տեղեկացվում էր, որ նրանք աշխատում էին «բյութի-ինդուստրիայի» ոլորտում։

«Բոլոր կանայք, ովքեր զբաղվում են հասարակական կյանքով, թիրախ են դառնում։ Ֆարեսը 2,5 միլիոն հետեւորդ ուներ։ Սպանված բոլոր կանայք համարձակ, հավակնոտ եւ ուժեղ անձնավորություններ էին»,- ասել է իրավապաշտպան Հանաա Էդվարը։

Նրա խոսքերով՝ սերիական սպանություններից հետո շատ կանայք ապակտիվացրել են իրենց էջերը սոցցանցերում։ Բացի այդ, որոշ կանայք դադարեցրել են սեփական բիզնես-գործունեությունը, ոմանք էլ ընդհանրապես տեղափոխվել են այլ բնակավայրեր։ Այդ սպանությունները սարսափ են ներշնչում եւ վախեցնում են երիտասարդ աղջիկներին՝ ասել է Հանաա Էդվարը, փոխանցում է News.am-ը։

Այս թեմայով
am