Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հալածել երկրի շիական ընդդիմությանը

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել և շինծու մեղադրանքներով ձերբակալել Բաքվից 30 կմ հեռավորության վրա գտնվող անհնազանդ շիական Նարդարան ավանի բնակիչներին: Այս մասին,  հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

«Թուրան»-ի փոխանցմամբ՝ այս անգամ ձերբակալվել է Նարդարանի 10 բնակիչ:

Ձերբակալությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 20-ին՝ «Աշուրա»-ի տոնակատարությունից հետո:

«Աշուրա»-ի արարողության ժամանակ ուժայինները արգելել են բնակիչներին մուտք գործել Նարդարանում գտնվող շիական սրբավայր, ինչը առաջացրել է ավանի բնակիչների ընդվզումը:

Ձերբակալվածներին հիմնականում առաջադրվել է ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանք:

Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն հետապնդում են Նարդարանի բնակչությանը, քանի որ նրանք անհնազանդ են ներկայիս իշխանություններին:

Նախորդ խոշոր ձերբակալությունը եղել էր 2015թ.-ին, ձերբակալվել է 15 անձ: Ձերբակալությունների պատճառն էր 2015-ի նոյեմբերի 26-ին Ադրբեջանի  ներքին գործերի նախարարության կողմից Նարդարան ավանում իրականացված հատուկ գործողությունների ժամանակ ոստիկանության եւ ավանի բնակիչների միջև տեղի ունեցած բախումը, որի ժամանակ զոհվել է 2 ոստիկան և 4 խաղաղ բնակիչ:

2015 թվականի նոյեմբերի 26-ին նամազի ժամանակ իրավապահները ներխուժել են Նարդարանի շիական «Իմամ Հուսեին» մզկիթ, հայհոյանքներ տեղացել այնտեղ գտնվողների հասցեին, բռնություններ գործադրելով ձերբակալել Ադրբեջանի շիաների առաջնորդ Թալե Բաղըրզդեին և այլ հավատացյալների: Ոստիկանների գործողությունները զայրացրել են Նարդարանի բնակիչներին: Նրանց և ոստիկանության միջև բախումներ են սկսվել: Հաջորդ օրերին իսլամիստների և ոստիկանության միջև բախումներ են սկսվել նաև Գյանջայում, Լենքորանում և այլ քաղաքներում:

Ադրբեջանի ՆԳՆ-ն և գլխավոր դատախազությունը միջադեպի առնչությամբ հայտարարություն էին տարածել, որում ասվում էր, որ ավանի շիա առաջնորդները ծրագում են բռնությամբ փոխել սահմանադրական կարգը և երկրում շարիաթի նոր օրենքներ մտցնել, ինչի նպատակով նրանք ստեղծել են «Մուսուլմանական միասնություն» անվամբ շարժում, սկսել են կողմնակիցներ հավաքագրել Բաքվում ու երկրի շրջաններում ու նրանց զենք և պայթուցիկ նյութեր մատակարարել: «Բացի այդ խումբը Նարդարան ավանում անօրինական հավաք է անցկացրել` քննարկելով իշխանությանն անհնազանդության ակցիայի կազմակերպումը, թռուցիկներ բաժանել բնակչությանը և որոշել է պետական չինովնիկների ցուցակը, որոնց դեմ ահաբեկչական գործողություններ էր նախապատրաստվում», -նշվել էր հայտարարության մեջ: 

Այս թեմայով
am