Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Հոկտեմբերի 8-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնի գլխավորած պատվիրակությանը:

Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է 2019 թվականի պետական բյուջեի նախագծի առանձնահատկությունները` մասնավորապես նշելով, որ բյուջեն այսուհետեւ ներառելու է արտաբյուջետային հաշիվների նախագծերը եւ կազմվելու է ծրագրային բյուջետավորման ձեւաչափով: Նա նաեւ ընդգծել է, որ բյուջեն նախագծվել է նախորդ տարի խորհրդարանի կողմից հաստատված նոր հարկաբյուջետային կանոններին համապատասխան:

Նախարարը կարեւորել է մի շարք առանցքային ուղղություններով տարվող քննարկումները, որոնցից են` տնտեսական աճի մոդելը, հարկային համակարգի փոփոխությունները, ոլորտային ռազմավարությունների մշակումն ու վերանայումը եւ կառուցվածքային փոփոխությունները:

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են մարդկային կապիտալի զարգացման, առաջնահերթությունների ճիշտ սահմանման եւ ծրագրերի իրականացման տեսանկյունից հասցեական ու արդյունքահեն քաղաքականության մշակման անհրաժեշտությունը:

Անդրադարձ է կատարվել նաեւ Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը, պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքներ տանել դրանց արդյունավետության բարձրացման նպատակով: Քննարկվել է «Երկրի գործընկերության շրջանակ» ծրագրի իրականացման հնարավորությունը եւ վերջինիս ինդիկատիվ ուղղությունները:

Այս թեմայով
am