Հայտնի են դարձել էկոնոմիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները

2018 թվականին էկոնոմիկայի ոլորտում Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված մրցանակը տրվել է Ուիլյամ Նորդհաուսին ու Փոլ Ռոմերին՝ տնտեսական աճին նորարարությունների ու կլիմայի ինտեգրման համար: Այդ մասին հայտնել է Գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան կոմիտեն:


Անցած շաբաթվա վերջին Ստոկհոլմում հայտարարվել էին 2018թ. Խաղաղության նոբելյան մրցանակակիրների անունները: Նրանք են Կոնգոյից վիրաբույժ Դենիս Մուկվեգեն ու Իրաքի եզդի իրավապաշտպան Նադյա Մուրադը: Նրանք պարգևատրվել են զինված հակամարտությունների ժամանակ սեռական բռնությանը վերջ տալուն ուղղված ջանքերի համար:


Հայտնի է, որ Մուկվեգեն կյանքը նվիրել է պատերազմական գոտիներում սեռական բռնության զոհ դարձածների փրկությանն ու պաշտպանությանը: Մինչդեռ Մուրադն ինքն է դարձել նման բռնության զոհ: Նա իր մեջ քաջություն է գտել պատմել իր և մյուսների կրած տառապանքների մասին:

Հոկտեմբերի 3-ին Քիմիայի նոբելյան հանձնաժողովը մրցանակի է արժանացրելգիտնականներ Ֆրենսիս Առնոլդին, Ջորջ Սմիթին ու Գրեգորի Վինթերին: Նրանք զգալի աշխատանք են կատարել քիմիական մոլեկուլների վերահսկվող էվոլյուցիայի ոլորտում, ինչը հնարավորություն է տալիս նոր դեղամիջոցներ ստեղծել:


Հոկտեմբերի 2-ին հայտարարվել են 2018թ. ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները: Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան մրցանակի է արժանացրել գիտնականներ Արթուր Օուշկինին, Ժերար Մուրուին և Դոննա Սթրիքլանդին՝ լազերային ֆիզիկայի ոլորտում նշանակալի հայտնագործությունների համար: Դոննա Սթրիքլանդը պատմության մեջ երրորդ կինն է, որ ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել:


Հոկտեմբերի 1-ին էլ 2018թ. ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում մրցանակի են արժանացելգիտնականներ Ջեյմս Էլիսոնն ու Տասուկու Հոնձյոն՝ քաղցկեղի թերապիայի բնագավառում արած բացահայտումների համար: Նրանք մշակել են քաղցկեղի իմունաթերապիայի նոր մեթոդ:


Գրականության ոլորտում մրցանակ այս տարի չի տրվի. դրա հանձնմամբ զբաղվում է Շվեդիայի ակադեմիան, որը հայտնվել է սեռական սկանդալի կենտրոնում:


Հավելենք, որ 2018թ. Խաղաղության նոբելյան մրցանակի թեկնածուների թվում էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը: Նշվում է, որ Թրամփն այս ցանկում էր հայտնվել ամռանը Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ պատմական հանդիպման համար:

 

 

Այս թեմայով
am