Կառավարությունը որոշեց 13,587 մլն դրամ հատկացնել առողջապահության նախարարությանը

Հայաստանի կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 27-ի նիստում որոշում կայացրեց կառավարության պահուստային ֆոնդից 13,587 մլն դրամ հատկացնել առողջապահության նախարարությանը:

Գումարը հատկացվում է ամերիկահայ բարերար Մայք Սարյանի կողմից տրամադրված բժշկական սարքավորումների (թվով` 4 բեռնարկղ)` հունիսի 1-ից օգոստոսի 29-ը ընկած ժամանակահատվածում Փոթի նավահանգստում պահման եւ պահպանման, ինչպես նաեւ դրանց` Փոթի նավահանգստից Երեւան տեղափոխման` «Ապավեն» ՍՊԸ-ւի ծառայությունների ծախսերը առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնի» միջոցով փոխհատուցելու նպատակով։

Որոշման մեջ նշվում է, որ այդ գումարը Առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը պետք է տրամադրվի դրամաշնորհի պայմանագրի հիման վրա:

Բանն այն է, որ ամերիկահայ բարերար Մայք Սարյանի կողմից տրամադրած բժշկական սարքավորումները` թվով 4 բեռնարկղ (հաշիվ-ապրանքագրեր` CHRTY 1001, CHRTY 1002, CHRTY 1003, CHRTY 1004, Bill of Leading 964560878 եւ 964560864,) այս տարվա օգոստոսի 31-ին ժամանել են Երեւան եւ այժմ գտնվում են առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի պահեստում` մաքսային մարմինների հսկողության ներքո:

Ամերիկյան կողմը վճարել է վերոնշյալ բեռների` ԱՄՆ-ից մինչեւ Փոթի նավահանգիստ փոխադրման ծախսերը: 2018 թվականի հունիսի 1-ից մինչեւ 2018 թվականի օգոստոսի 29-ը ընկած ժամանակահատվածում բեռները գտնվել են Փոթի նավահանգստում որոնց պահման եւ պահպանման ծառայությունների համար առաջացել են ֆինանսական պարտավորություններ` 10,541,000.0 ՀՀ դրամի չափով: Բեռների տեղափոխումը Փոթի նավահանգստից Երեւան իրականացվել է «Ապավեն» կազմակերպության միջոցով, որի ծառայությունների արժեքը կազմում է 761,500.0 ՀՀ դրամ` մեկ բեռնարկղի համար (4 բեռնարկղի համար` 3,046,000.0 ՀՀ դրամ):

Ընդհանուր առմամբ, նշված բժշկական սարքավորումների պահման, պահպանման եւ տեղափոխման ծախսերը կազմել են 13,587.0 հազ. դրամ, որն առաջարկվում է դրամաշնորհի պայմանագրի հիման վրա տրամադրել առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը` նշված ծախսերը փոխհատուցելու համար:

Այս թեմայով
am