Նախարար Լևոն Վահրադյանն ընդունել է կարատեի Եվրոպայի առաջնությունում մեդալներ նվաճած մարզիկներին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն այսօր ընդունել է Հայաստանի դենտո
ֆուդոկան կարատեի ֆեդերացիայի մարզիկներին, որոնք սեպտեմբերի 14-ից 15-ը Սերբիայի
Հանրապետության Բելգրադ քաղաքում մասնակցել են ITKF-ի կողմից անցկացվող կարատեի Եվրոպայի
առաջնությանը և նվաճել 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ:
Նախարարը ողջունել է մարզիկներին ու ֆեդերացիայի նախագահ Կարեն Ավետիսյանին և շնորհավորել
մարզական հաջողությունների համար: «Շնորհավորում եմ թե՛ մարզիկներին և թե՛ մարզիչներին մեդալներ
նվաճելու կապակցությամբ: Այս մեդալները տարիների աշխատանքի արդյունք է: Կարևոր է գիտակցել, որ ձեր
նվաճումները նաև ողջ հայ ժողովրդինն են, քանի որ մեր յուրաքանչյուր մարզիկի չեմպիոնությունը ևս մեկ
անգամ հարյուրավոր մարդկանց ոտքի է կանգնեցնում, երբ ծածանվում է հայոց եռագույնը և հնչում է
Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը»,- ասել է Լ. Վահրադյանը: Նախարարը նաև հույս է
հայտնել, որ հայ մարզիկները հաջող հանդես կգան նաև 2020 թվականի Տոկիոյում կայանալիք ամառային
օլիմպիական խաղերում, որտեղ առաջին անգամ մրցելու են նաև կարատեիստները:
Հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և հավաստիացրել, որ շարունակելու են
մարզումները՝ մեր երկրի պատիվը միջազգային մրցահարթակներում բարձր պահելու համար:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը մրցավայր էր մեկնել 3 մարզիկներով, որոնք բոլորն էլ
մրցանակային տեղեր են զբաղեցրել: Վարդան Գալայանը 16-18 տարեկանների մրցապայքարում անհատական
կատայում դարձել է առաջնության չեմպիոն, Ջոն Երեմյանը (13 տարեկան), մասնակցելով 14-15
տարեկանների տարիքային խմբի մրցումներին, անհատական կատայում արժանացել է արծաթե, իսկ Արծրուն
Օհանյանը՝ մեծահասակների անհատական կումիտեում բրոնզե մեդալի:

Այս թեմայով
am