թուրք ազգայնականները դժգոհել են Վանում հայ զբոսաշրջիկների առատությունից

Թուրքիայում գործող «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի» միությունը, որը սովորաբար հանդես է գալիս Հայոց ցեղասպանության մասին փաստերը հերքող նախաձեռնություններով, այս անգամ դժգոհ է Վանում հայ զբոսաշրջիկների առատությունից։

Ինչպես գրում է «ՀաբերԹյուրքը», միության նախագահ Գյոքսել Գյուլբեյը հայտարարել է, որ Վանի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ հայկական եկեղեցում 3 տարվա ընդմիջումից հետո մատուցված պատարագի ժամանակ բազմաթիվ հայ զբոսաշրջիկներ Հայաստանի ու Արցախի դրոշներով «ֆաշիստական» վարքագիծ են դրսևորել։

«Վանը դարձրին Հայաստան», - գանգատվել է միության նախագահը։

Ավելին՝ Գյուլբեյը պնդել է, որ Աղթամարի Սուրբ Խաչը ոչ թե հայկական, այլ թուրքական եկեղեցի է, որը պատկանել է քրիստոնյա թուրքերին։

Նա նաև քննադատել է Թուրքիայի իշխանություններին՝ հայերին այնտեղ պատարագ անցկացնելու թույլատվություն տալու համար։

Հիշեցնենք, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին նորոգումից հետո վերաբացվել է 2007 թվականին: Պատմական Հայաստանի տարածքում այն միակ եկեղեցին է, որի գմբեթին վերանորոգումից հետո խաչ է բարձրացվել: Հայկական ճարտարապետության գլուխգործոց համարվող եկեղեցիներից մեկն այժմ թանգարանի կարգավիճակ ունի:

Հայտնի է, որ եկեղեցում կարելի է պատարագ անցկացնել տարին միայն մեկ անգամ`Խաչվերաց տոնին նախորդող կիրակին:

Այս թեմայով
am