Վրաստանի տարածքով ավտոտրանսպորտով հացահատիկային բեռների ներկրման արգելքը հետաձգվել է մինչև տարեվերջ

Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի որոշմամբ ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի եւ ալյուրի ներմուծում-արտահանում հնարավոր կլինի իրականացնել մինչեւ այս տարվա վերջ (նախորդ ժամկետը հոկտեմբերի 1-ն էր)։

Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:

Այս ընթացքում վրացական կառավարությունը փոփոխություններ կիրականացնի ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի եւ ալյուրի փոխադրումների արգելքի որոշման մեջ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաս­տանից հարյուրավոր բեռնատար ավտոմեքենաներ կարճ ժամանակով այսօր  արգելափակել էին  Բագրատաշեն-Սադախլո մաքսային անցակետը՝ իրենց բողոքը հայտնելով Վրաստանի կառավարության որոշման դեմ, որով արգելվում է Վրաստանի տարածքով հացահատիկի փոխադրումն ավտոմոբիլային ճանապարհներով (թույլատրվում է միայն երկաթուղով)։  

Վրաստանի իշխանությունները վերոնշյալ որոշումը հետաձգել են 15 օրով` մինչև հոկտեմբերի 1-ը։

Մինչ այդ հաղորդվել էր նաև, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ու «Վրացական երկաթուղի» ԲԸ համատեղ որոշում են կայացրել, որպեսզի 2018 թվականի սեպտեմբերի 1-ից 52%-ով նվազեցվի Փոթի նավահանգստից Հայաստան հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները:

 

Հացահատիկ ներկրողները պնդում են, որ այս արգելքի հետևանքով Հայաստանում ալյուրի գինը միանշանակ կթանկանա մեկ կիլոգրամը շուրջ 50 դրամով։

 


«Մեկ կիլոգրամ ալյուրը 50 դրամով կթանկանա, եթե ծովային տրանսպորտով բեռնափոխադրումներ կատարվեն և երկաթգծով աստղային գներով գա Հանրապետություն»,- Tert.am-ի հետ զրույցում ասել էր «Մանանա Գրեյն» ՍՊԸ տնօրեն Գուրգեն Նիկողոսյանը:


«Մինչև այժմ ցորենն ուղղակի գնվում էր ՌԴ-ից, Ստավրոպոլի երկրամասից, հիմա պետք է հացահատիկ առնվի ոչ թե ֆերմերից, այլ ծովափում վաճառող ընկերությունից, որը յուրաքանչյուր տոննայի մեջ եկամուտ պետք է ունենա վաճառելուց, կամ պետք է մինչև ծով հասցնել, քանի որ Ստավրոպոլի ճանապարհը, որ պետք է գար Հայաստան, փակվում է ինչ-ինչ պատճառով, և Հայաստանի ոչ մի կառույց մեզ այդ մասին չի ասում, չեն զգուշացնում, կարծեմ՝ Տրանսպորտի և կապի նախարարություն գոյություն ունի, որը մեզ չի էլ զգուշացնում»,-ասել էր նա: 

«Բաղրամյան» ալրաղացի արտադրության պետ Սայադ Գասպարյանն էլ Tert.am–ի հետ զրույցում ասել էր, որ Վրաստանի այս որոշումը միջազգային կոնվենցիաների խախտում է: «Ո՞նց կարող են ասել՝ հացն իմ ճանապարհով մի տարեք, ճանապարհները խցանված են, զբոսաշրջիկների մուտքը խանգարում է, համաշխարհային պրակտիկայում նման բան չկա: Վրացական կառավարությունը իրանից դուրս օրենքներ է հանում, ամբողջ աշխարհում տրանզիտ մեքենաների արգելք չկա, ոնց որ Լեհաստանն արգելի իր ճանապարհով Գերմանիա բեռներ տեղափոխելը: Այդ մարդիկ իրենք իրենց որոշում են, անում, որ նավահանգստով տանեն, ինչն էլ թանկացնելու է հացահատիկի գինը, տոննայում ամենաքիչը 40-50 դոլար»,- Tert.am-ի հետ զրույցում ասել էր Սայադ Գասպարյանը:

 

Այս թեմայով
am