Փաշինյանը երկնաքար է կամ գիսաստղ, որը շատ արագ է այրվում. Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Коммерсантъ-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին՝ նշելով, որ ՀՀ վարչապետ «Նիկոլ Փաշինյանը, հնարավոր է, երկնաքար է կամ գիսաստղ, որը շատ արագ է այրվում»:

Խոսելով Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության մասին՝ Քոչարյանը նշել է, որ «Փաշինյանը զգացել է ժողովրդի ընդդիմադիր տրամադրությունն և ժամանակին գլխավորել է այն, ինչի հետևանքով տեղի է ունեցել իշխանափոխություն»: 

«Դա տպավորիչ էր»,- ասել է Քոչարյանը՝ հավելով, որ մարդկանց շրջանում կար հոգնածություն նախկին իշխանություններից, ճահճացման զգացում, հակառակ դեպքում նման զանգվածային շարժում չէր լինի:

«Բայց գիտեք, կարելի է իշխանության գալ պոպուլիզմով, ժամանակակից պատմությունում նման օրինակներ շատ կան: Նման իրավիճակներում հեշտ է գալ իշխանության և ավելի դժվար է դրանից պատվով հեռանալ:

Դու գալիս ես պոպուլիզմով, իսկ պետք է հեռանալ արժանապատվությամբ և իրական արդյունքներով»,- ասել է Քոչարյանը:

Նախկին նախագահը նշել է, որ չորս ամիսների ընթացքում հասկացել է, որ նոր իշխանությունները քաոտիկ են, չեն հասկանում տնտեսությունից, չունեն գործողությունների հստակ ծրագիր և պարզ աշխարհաքաղաքական առաջնահերթություններ:

«Կա բավականաչափ վառ առաջնորդ, բայց պոպուլիզմի նրա ձգտումը լուրջ մտահոգություն է առաջացնում: Դա ինձ հիշեցնում է լատինաամերիկյան պոպուլիզմը Ուգո Չավեսի ոճով: Եթե ուսումնասիրենք, կարելի է նմանություններ տեսնել»,- ասել է Քոչարյանը:

Լրագրողի դիտարկմանը, որ շատ հետխորհրդային երկրներում կարելի է օրինակներ բերել, որտեղ կա «միայն մեկ արև», Քոչարյանը նշել է, որ եթե «այդ արևը կանխատեսելի չէ, անհասկանալի է, հիստերիկ է և չի տեսնում հեռանկարներ, կարող է տեղի ունենալ աղետ», սակայն հավելել է, որ Նիկոլ Փաշինյանին չէր համեմատի արևի հետ:

«Ես նրան չէի համեմատի արևի հետ: Ձեր բերած համեմատությունը կապված է նրա հետ, որ մարդիկ բավականաչափ երկար ժամանակ են կառավարել, ոմանք հաջող, ոմանք չափազանց անհաջող: Բայց սա այդ դեպքը չէ. ընդամենը չորս ամիս է անցել: Փաշինյանը, գուցե, երկնաքար է կամ գիսաստղ, որը շատ արագ է այրվում»,- ասել է Քոչարյանը:

Նա նաև նշել է, որ քաղաքականությունում իր մասնակցության ձևաչափը դեռևս չի որոշել՝ այդ թվում նաև տեղի ունեցող իրադարձությունների պատճառով:


 

Այս թեմայով
am