113 տոկոսով ավելացել է կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության համար քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվը. ամփոփում

ՀՀ գլխավոր դատախազության կողմից ավելի վաղ հրապարակվել է 2018թ. առաջին 
կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի քրեաիրավական 
շարժընթացի ընդհանուր վիճակագրական պատկերը՝ համադրված 2017թ. նույն 
ժամանակահատվածի արդյունքների հետ: Տեղեկացվել է նաև, որ հանրային առավել 
մեծ ուշադրության արժանացող կոռուպցիոն հանցատեսակներով քրեաիրավական 
շարժընթացն առավել մանրամասն կներկայացվի առանձին:

  Ըստ այդմ՝ 2018թ. առաջին կիսամյակում արձանագրվել է հետևյալ պատկերը.

  1. Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված խարդախություն

  Նախապատրաստված 45 նյութերով հարուցվել են քրեական գործեր, ինչը 2017թ. 
1-ին կիսամյակի ցուցանիշը (ընդամենը 4 նյութ) գերազանցում է 11 անգամ: Այս 
հանցագործության հատկանիշներով 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում վարույթում 
քննված 63 գործով քրեական հետապնդում է իրականացվել 9 անձի նկատմամբ: 
Մինչդեռ 2017թ. առաջին կիսամյակում այս հանցատեսակով վարույթում քննված 9 
գործով քրեական հետապնդման է ենթարկվել ընդամենը 1 անձ:

  2.Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված յուրացում կամ վատնում.

  Հարուցվել է 175 քրեական գործ այն դեպքում, երբ 2017թ. առաջին կիսամյակում 
հարուցվել է 25 քրեական գործ, այսինքն 7 անգամ քիչ: Եթե 2018թ. նշված 
ժամանակահատվածում վարույթում քննվել է 234 քրեական գործ, ապա 2017թ. նույն 
ընթացքում՝ 88 կամ 2.65 անգամ քիչ: Քրեական հետապնդում է իրականացվել 57 
անձի նկատմամբ, ինչը 24-ով կամ 73%-ով ավելի է 2017թ. առաջին կիսամյակում 
արձանագրված վիճակից: Վարույթն ավարտված 52 քրեական գործից 14-ը՝ 24 անձի 
վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

  3. Պաշտոնեական լիազորությունների չարաշահում.

  Հարուցվել է 85 քրեական գործ, որը 15-ով կամ 21%-ով ավելի է 2017թ. առաջին 
կիսամյակի ցուցանիշից: Նշված հանցագործության հատկանիշներով վարույթում 
քննվել է 166 քրեական գործ, որոնցով քրեական հետապնդում է իրականացվել 64 
անձի նկատմամբ, ինչը կրկնակի ավելի է 2017թ. առաջին կիսամյակի վիճակի 
համեմատ՝ (32): Ավարտվել է 69 գործի վարույթ, և 17 քրեական գործ՝ 35 անձի 
վերաբերյալ (2017թ.1-ին կիսամյակում՝ 15 գործ 27 անձի վերաբերյալ) 
մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

  Դատարաններում քննվել է այս հանցագործության հատկանիշներով 14 քրեական 
գործ՝ 22 անձի վերաբերյալ: 11 գործով 18 անձ դատապարտվել է, որից 8-ը՝ 
ազատազրկման, 7-ը՝ տուգանքի, 1-ը՝ հիմնական այլ պատժի, 2-ի պատիժը 
պայմանականորեն չի կիրառվել:

  4. Պաշտոնեական կեղծիք.

  Այս հանցակազմով հարուցվել է 39 քրեական գործ, որը 30 տոկոսով ավելի է 
2017թ.1-ին կիսամյակի արդյունքից՝ 30 քրեական գործ: Վարույթում քննվել է 73 
քրեական գործ, որից ավարտվել է 24-ը: 13 գործ՝ 14 անձի վերաբերյալ, 
մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

  2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում վարույթում քննված գործերով քրեական 
հետապնդում է իրականացվել 47 անձի նկատմամբ՝ որը կրկնակի ավելի է նախորդ 
տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ (24 անձ):

  5. Ապօրինի հարստացում.

  2018թ. 1-ին կիսամյակում նախապատրաստվել է 2 նյութ, որոնցով հարուցվել են 
քրեական գործեր: Դրանց նախաքննությունը ներկայումս շարունակվում է: Նշված 
քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել 5 անձի նկատմամբ:

  6. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի 
վարձատրություն ստանալ, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին 
ապօրինի վարձատրություն տալ

  Նախապատրաստված  բոլոր 15 նյութերով հարուցվել են քրեական գործեր: 
Համեմատության համար նշենք, որ այս հանցակազմով 2017թ. առաջին կիսամյակում 
հարուցվել է ընդամենը 1 քրեական գործ: 2018թ. նույն ընթացքում նշված 
հանցագործության վերաբերյալ վարույթում քննվել է 20 քրեական գործ, որոնցից 
1-ը՝ 1 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 
2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում վարույթում քննված քրեական գործերով 
քրեական հետապնդում է իրականացվել 5 անձի նկատմամբ:

  7.Կաշառք ստանալ, տալ, կաշառքի միջնորդություն.

  Հաշվետու շրջանում այս հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է 
ընդհանուր 56 քրեական գործ՝ կրկնակի ավելի, քան նախորդ տարվա նույն 
ժամանակահատվածում (28 քրեական գործ): Վարույթում քննվել է 106 քրեական 
գործ, ինչը ևս կրկնակի ավելի է 2017թ. առաջին կիսամյակի արդյունքից: 
Վարույթն ավարտված  քրեական գործերից 19-ը՝ 49 անձի վերաբերյալ, մեղադրական 
եզրակացությամբ ուղարկվել է դատարան: ՄԻնչդեռ նախորդ տարվա նույն 
ժամանակահատվածում դատարան է ուղարկվել 12 գործ՝ 18 անձի վերաբերյալ:

  Վարույթում քննված գործերով քրեական հետապնդում է իրականացվել 115 անձի 
նկատմամբ, ինչը 61-ով կամ 113%-ով ավելի է 2017թ. առաջին կիսամյակի 
համեմատ:

 

 

Այս թեմայով
am