ԱԺ 4 պատգամավոր Զինված խմբի գործով դատարան էին եկել . ֆոտոներ

Ազգային ժողովի չորս պատգամավորներ Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով մի քանի ամբաստանյալի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել։ Այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 14- ին  Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայր էին ներկայացել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ  Արարատ Զուրաբյանը, Նապոլեոն Ազիզյանը, «Ելք»  խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը եւ Հովիկ Աղազարյանը՝ հաստատելու իրենց կողմից ներկայացված երաշխավորագրերը։  Նշենք, որ  պաշտպանական կողմն անազատության մեջ գտնվող 6 ամբաստանյալներից հինգի խափանման միջոց կալանավորումը փոխելու և նրանց պատգամավորների անձնական երաշավորությամբ, գրավով կամ ստորագրությամբ ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություններ է ներկայացրել:

Ամբաստանյալ Արթուր Եղիազարյանի և Հարություն Սալնազարյանի համար դատարան երաշխավորագրեր ներկայացրին պատգամավորներ Լենա Նազարյանն ու Հովիկ Աղազարյանը,  Վլադիմիր Առաքելյանի համար՝ Արարատ Զուրաբյանն ու Նապոլեոն Ազիզյանը:

Ազատության մեջ Խաչիկ Ավետիսյանի պատշաճ վարքագիծը երաշխավորել են Հովիկ Աղազարյանն ու Արարատ Զուրաբյանը: Մեղադրող դատախազ Գեւորգ Սարգսյանը չառարկեց ներկայացված միջնորդություններին։

Այսօրվա դատական նիստում ամբաստանյալ Վաղինակ Ստեփանյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը դատարանից խնդրեց իր պաշտպանյալին ստորագրությամբ ազատ արձակել, մեղադրող կողմը, սակայն, առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ ստորագրությունը չի կարող ապահովել ամբաստանյալի պատշաճ վարքագիծը:  Պաշտպանն էլ նկատեց, որ, եթե դատարանը կհամարի, որ չհեռանալու մասին ստորագրությունը չի ապահովում իր պաշտպանյալի պատշաճ վարքագիծը, նրա նկատմամբ կարող է թույլատրելի ճանաչել 500 հազար դրամի չափով գրավը:   Գործով մեկ այլ ամբաստանյալի՝ Արա Պողոսյանի պաշտպան Արմինե Ֆանյանը նույնպես միջնորդեց Պողոսայանին կալանքից ազատել 500 հազար դրամ գրավի դիմաց։  Այսպիսով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ամբաստանյալների խափանման միջոցների վերաբերյալ որոշում կայացնելու։  Նշենք, որ 2018թ. հունիսին դատարանը փոխել էր այս գործով մի քանի ամբաստանյալների՝ այդ թվում , պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի խափանման միջոց կալանավորումը: Նա եւս ազատ էր արձակվել պատգամավորների անձնական երաշխավորությամբ:

Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել է բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության եւ այլ հաստատությունների շենքերի վրա:

Այս թեմայով
am