Դառնալով Երևանի քաղաքապետ՝ վերականգնելու եմ հատակագիծը, որ նախատեսված էր բարեկեցիկ Երևանի համար․ Զ․ Փոստանջյան

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Երկիր Ծիրանի» կուսակցությունը ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ Նոր Նորքի Վիշապի կոթողներ այգում են։ 

ԵԾԿ նախագահը հիշեցրեց, որ տարիներ առաջ քաղաքային իշխանությունը ցանկացել է վերացնել այգին՝ անօրինակ շինություններ կառուցելով, և շեշտեց, որ ինքն այն անձանցից էր, որը կանխարգելեց այդ գործընթացը։ 

«Երբ այս այգին ցանկանում էին վերացնել, ես ու իմ գործընկերները փրկեցինք այգին  և թույլ չտվեցինք, որ լինի ապօրինի շինարարություն, ինչպես նաև մենք ծառատունկ իրականացրեցինք։ Այսօր տեսնում ենք, որ այգին կանաչ է, այգին կանգուն է։ Շնորհակալ եմ նաև այստեղի բնակիչներին, որոնք նույնպես պայքարեցին, որ այգին չհատվի»,- ասաց նա։ 

Զարուհի Փոստանջյանը նշեց, որ Նոր Նորք համայնքը հիմնականում կառուցվել է Նոր Նորքի առաջին ղեկավար Պավել Սաֆյանի կողմից։ Նա շեշտեց, որ Սաֆյանի առջև պետք է խոնարհվել, քանի որ նա ոչ միայն նոր թաղամաս է ստեղծել, այլև Երևանին կանաչ թաղամաս է տվել։ 

«Մենք մեր նախնիներից, մեր ղեկավար անձանցից պետք է շնորհակալ լինենք, որոնք կառուցեցին ու կանաչ Երևան փոխանցեցին սերունդներին։ Հիմա ասում եմ, որ դառնալով Երևանի քաղաքապետ՝ ծառայելու ու վերականգնելու եմ այն նախագիծը, այն հատակագիծը, որ նախատեսված էր բարեկեցիկ Երևանի համար»,- ընդգծեց Զարուհի Փոստանջյանը։ 

Այնուհետև Զարուհի Փոստանջյանը սկսեց վանկարկել իր կուսակցության՝ ԵԾ-ի անունը, իսկ թիմակիցներն էլ վանկարկում էին «Մայր Հայաստան՝ Զարուհի Փոստանջյան»։ 

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունը կկայանա սեպտեմբերի 23-ին։ Ընտրությանը կմասնակցի 12 ուժ, որոնցից մեկը «Երկիր Ծիրանի» կուսակցությունն է, իսկ նրանց ցուցակը գլխավորում է ԵԾԿ նախագահ Զարուհի Փոստանջյանը։

 

Այս թեմայով
am