Կառավարությունը պետական աջակցություն կհատկացնի սահմանամերձ բնակավայրերի հողօգտագործողներին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է առաջին փոխվարչապետ Արարատ
Միրզոյանը:
Հանրապետությունում վարելահողերի նպատակային և արդյունավետ օգտագործման, հացահատիկային
ապահովվածության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսությամբ զբաղվողներին տրամադրվող սուբսիդավորման
արդյունավետության և թիրախայնության բարձրացման, ինչպես նաև տարածքային զարգացման անհամամասնությունները
մեղմելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Նախատեսվում է պետական
աջակցություն հատկացնել սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 37 բնակավայրերի
հողօգտագործողներին՝ նրանց կողմից 2019 թվականի բերքի համար 2018 թվականին փաստացի կատարված
աշնանացան հացահատիկային մշակաբույսերի 1 հեկտարի համար հատկացնել 60 000 դրամ գումար: Աջակցությունը
նախատեսվում է իրականացնել որպես պիլոտային միջոցառում։ Նշված գումարի հաշվարկներում հիմք են ընդունվել
հանրապետությունում 1 հա վարի և նախացանքային մշակության միջինացված արժեքները: Սուբսիդիան առաջարկվում է
տրամադրել յուրաքանչյուր շահառուի մինչև 7 հա փաստացի կատարված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի
ցանքի համար: Հիմնավորման համաձայն՝ 2017 թվականի հողային հաշվեկշռով հանրապետության 446.0 հազ.
հեկտար վարելահողերից չի մշակվում կամ նպատակային չի օգտագործվում շուրջ 34.0 տոկոսը կամ 151.4 հազ.
հեկտարը: Հանրապետությունում սպառվող պարենային հացահատիկի ավելի քան 50 տոկոսը ներկրվում է: Ծրագրի
իրականացման համար կպահանջվի 182.160 մլն դրամ գումար սուբսիդիա: Արդյունքում՝ կկրճատվեն ներմուծված
աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ծավալները, կբարձրանա ինքնաբավության մակարդակը:

Երիտասարդ ընտանիքների համար ստեղծվում են նոր հնարավորություններ բնակարաններ ձեռք բերելու

համար

Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին պետական
նպատակային ծրագրի հասանելիության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը
փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ծրագրի շրջանակում
վարկավորմամբ են զբաղվում 19 ֆինանսական կազմակերպություն` 14 բանկ և 5 վարկային կազմակերպություն:

Վարչապետի աշխատակազմ

2
Հիմնավորման համաձայն՝ ներկայում հանրապետության շատ երիտասարդ ընտանիքներ ունեն բնակարան ձեռք բերելու
կարիք։ Վերջիններիս համար այս ծրագրում նախատեսվող փոփոխություններով ստեղծվում են նոր
հնարավորություններ բնակարաններ ձեռք բերելու համար։ Մասնավորապես, առաջարկվող փոփոխություններով
նախատեսվում է ավելացնել զույգի գումարային տարիքի առավելագույն շեմը՝ սահմանված 65-ը դարձնելով 70:
Ծրագրի շահառուներին հնարավորություն է ընձեռնվելու բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոսի չափով
կանխավճար կատարելով՝ ձեռք բերել բնակարաններ, եթե վերջիններս ձեռք են բերում նաև կանխավճարի
ապահովագրության պրոդուկտ՝ 10 և ավելի տոկոս կանխավճարի և տվյալ բնակարանի ձեռքբերման համար
սահմանված նվազագույն կանխավճարի (30 տոկոս) տարբերության չափով: Միաժամանակ նախատեսվում է նաև
երիտասարդ ընտանիքների համար ստեղծել նոր հնարավորություն 20 տոկոս կանխավճարով, առնվազն 10 տարի
մարման ժամկետով և առավելագույնը մինչև 7,5 տոկոս տարեկան տոկսադրույքով ձեռք բերել մինչև 30 մլն ՀՀ դրամ
արժողությամբ նորակառույց բնակարաններ: Ընդ որում, այս դեպքում ևս ծրագրի շահառուները կարող են ձեռքբերել
կանխավճարի ապահովագրության վերոնշված պրոդուկտը և կատարել բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոսի
չափով կանխավճար: Արդյունքում ծրագրի հասանելիությունը կբարձրանա` երիտասարդ ընտանիքները կկարողանան
10 տոկոս կանխավճարով և ապահովագրական գործիքի համադրմամբ ձեռք բերել 25-30 մլն ՀՀ դրամ արժեքով
բնակարաններ, որի արդյունքում շուկայում կնկատվի որոշակի աշխուժություն:

Կառավարությունը որոշում է ընդունել երկրորդ երեխայի ծննդյան նպաստը եռապատկելու վերաբերյալ

Գործադիրն ընդունել է նախորդ նիստում քննարկված՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի, նպաստ
նշանակելու և վճարելու կարգի փոփոխության վերաբերյալ համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է
երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերի տարբերակում մտցնել նաև երկրորդ երեխայի ծննդյան դեպքում:
Առաջարկության հիմքում դրված է ժողովրդագրական վիճակի բարելավումը, որը կնպաստի ծնելիության աճին:
Այսպիսով՝ 2018 թ. հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում ծնված երկրորդ երեխայի ծննդյան
կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա 3 անգամ. գործող 50 հազար դրամի
փոխարեն նպաստի չափը կկազմի 150 000 դրամ: Միաժամանակ, հանձնարարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարին՝ վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում
փոփոխություններ կատարելու մասին նախագիծ՝ միաժամանակ 1-ից ավելի երեխա ծնվելու դեպքում երեխայի
միանվագ նպաստի վճարի չափը սահմանելով նոր ծնված յուրաքանչյուր երեխայի հնարավոր բոլոր կարգաթվերի
համար սահմանված չափերի հանրագումարի չափով:

Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրը հավանություն է տվել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում
փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական
նախաձեռնությանը: Օրինագծով առաջարկվում է սահմանել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի
ձևավորման նոր ժամկետ՝ մինչև 2019 թ. մարտի 30-ը։
Հավանություն է տրվել «Հաշվապահական հաշվառման մասին», «Աուդիտորական գործունեության մասին»,
«Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթներ և հանրային
վերահսկողության գործառույթներ իրականացնող մարմինների մասին», «Պետական տուրքի մասին» և մի շարք այլ
օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության
օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքների նախագծերի փաթեթի նպատակը հաշվապահական հաշվառման և
աուդիտորական գործունեության ոլորտների կարգավորման ու վերահսկողության արդյունավետ համակարգ ձևավորելն
է: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է, որ հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության

Վարչապետի աշխատակազմ

3
ոլորտների զարգացման համար անհրաժեշտ որոշ գործառույթներ (մասնագետների որակավորում և շարունակական
զարգացում, աուդիտի որակի նկատմամբ հսկողություն, աուդիտորական կազմակերպությունների և աուդիտորների
ռեեստրի վարում) կիրականացվեն մասնագիտացված կառույցների միջոցով, փոփոխված չափանիշներով ճշգրտել
տարեկան աուդիտի պարտադիր պահանջ ունեցող կազմակերպությունների շրջանակը, որոնց սահմանումը
կհամապատասխանեցվի ԵՄ-ի դիրեկտիվներով ներկայացված չափանիշներին, վերանայել աուդիտորական
կազմակերպությունների լիցենզավորման գործընթացը` հաշվառման նոր համակարգի ներդրման միջոցով
(Աուդիտորական կազմակերպությունների ռեեստր): «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն
կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ առաջարկվում է աուդիտորական կազմակերպությունների
համար ներկայումս գործող պետական տուրքի վճարման պարտավորությունը հանել՝այն փոխանցելով
հավատարմագրված մասնագիտական կառույցներին որպես անդամավճար:
Նիստում հավանության է արժանացել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ
օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությանը: Օրենքի նախագծով առաջարկվում է խստացնել ՀՀ
քրեական օրենսգրքի 296-րդ (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը) հոդվածի 1-ին մասով նախատեսված
հանցագործության համար սահմանված պատժաչափը, մասնավորապես՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով կալանքը
փոխարինել ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով: Ըստ նախագծին կից ներկայացված հիմնավորման՝
առաջարկվող կարգավորումը պայմանավորված է տվյալ հոդվածով նախատեսված հանցագործությունների աճի
դինամիկայով, ինչպես նաև այն հանգամանքով, որ պատժի խստացումը կզսպի և զերծ կպահի ապօրինի
գործողությունների իրականացումից: Ընդունելի համարելով նախագծով նախատեսվող ընդհանուր կարգավորումները՝
կառավարությունը ներկայացրել է որոշ նկատառումներ նախագծի վերաբերյալ: Կառավարության առաջարկության
համաձայն՝ նախագծով նախատեսված կարգավորման արդյունքում, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության
քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար սահմանված
պատժաչափը խստացնելիս՝ կալանքն ազատազրկմամբ փոխարինելիս, խախտվում է տվյալ հոդվածի բոլոր մասերի
դիսպոզիցիաներում նախատեսված արարքների համար սահմանված պատժատեսակների աստիճանական
դասավորվածությունը, հետևաբար, առաջարկվում է ոչ թե կալանքը փոխարինել ազատազրկմամբ, այլ հիշյալ
հոդվածի 1-ին մասի սանկցիայում նախատեսել նաև ազատազրկման ձևով պատիժ: Նշված է նաև, որ ներկայում ՀՀ
վարչապետի աշխատակազմում քննարկվում է բնապահպանության նախարարության մշակմամբ համանման օրենքի
նախագիծ, որը քննարկվող խնդիրներին առավել համապարփակ լուծումներ է առաջարկում: Այդ կապակցությամբ
նախագծի հեղինակին առաջարկվում է առայժմ ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից, համագործակցել ՀՀ
կառավարության հետ՝ մեկ միասնական նախագծով հանդես գալու նպատակով:
Այլ որոշումներ

Կառավարությունը «Երազ Ջեվելերի» ՍՊԸ-ին տրամադրել է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու
տարածքում շահագործողի թույլտվություն: Ընկերությունը նախատեսում է արտադրել ոսկյա և արծաթյա զարդեր,
ընդլայնել արտահանումը հիմնական ուղղություններով՝ ՌԴ և ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ, Կանադա, Եվրամիության
երկրներ, ՄԱԷ: 2018թ.ընթացքում նախատեսվում է բացել 15 նոր աշխատատեղ՝ 7 տարվա ընթացքում այդ թիվը
հասցնելով 100-ի:
Գործադիրի մի շարք որոշումներով հոկտեմբերի 21-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ
կանցկացվեն Լոռու մարզի Ձորագյուղ, Սարահարթ, Արմավիրի մարզի Խանջյան, Հայթաղ համայնքներում, համայնքի
ավագանու արտահերթ ընտրություններ՝ Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքում:

Այս թեմայով
am