Գագիկ Ծառուկյանի և նրա բիզնեսների անվտանգությունն ապահովում է ոստիկանությունը. Ա. Զուրաբյանը

Իմանալով Գագիկ Ծառուկյանին՝ ես կարող եմ հավաստիացնել՝ Գագիկ Ծառուկյանն այն անձնավորությունը չէ, որ որևէ քայլ կատարի ժողովրդի դեմ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, «Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը՝ անդրադառնալով հարցին, թե որպես Գագիկ Ծառուկյանի ընկեր, նույն խմբակցության պատգամավոր ինչպե՞ս է վերաբերում այն պնդումներին, թե օլիգարխները, նաև Գագիկ Ծառուկյանը մասնակցություն են ունեցել «Մարտի 1»-ի դեպքերին:

«Ես ձեզ առաջարկում եմ ընթերցել «Հայկական ժամանակ» օրաթերթը, որտեղ սևը սպիտակի վրա հստակ գրված է, որ երբ հավաք էր տեղի է ունենում, որտեղ որոշվում էր, որ պետք է կրակել ժողովրդի վրա, Գագիկ Ծառուկյանի միակ միջամտությունն էր, որ կանխեց նման որոշումը, ինչը դուր էր եկել նույնիսկ Սերժ Սարգսյանին»,-շեշտեց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, թե հակառակի մասին հրապարակումներ ևս եղել են՝ Արարատ Զուրաբյանն արձագանքեց.

«Այլ հրապարակումներ ևս եղել են, բայց նկատի ունեցեք՝ ապրում ենք ՀՀ-ում, նման իրավիճակներում տեղի է ունենում հայկական իրականությանը հատուկ մի բան՝ ով ում հետ չունի, փորձում է մի բան գցել դիմացինի գրպանը, ինչպես 1995 թ-ին մարդիկ մի բան էին անում , ասում էին՝ «Երկիր» թերթն են գցել գրպանը»,-շեշտեց նա:

Արարատ Զուրաբյանն ասաց, որ պետք չէ մարդկանց բաժանել հարուստների ու աղքատների:

Հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանի թիկնազորը զինաթափելու խնդիր կա, և նա ունի անօրինական զենք հանձնելու խնդիր, Արարատ Զուրաբյանն ասաց.

«Գագիկ Ծառուկյանը պաշտոնապես ունի պայմանագիր, որում նշվում է, որ ամբողջ կազմը, որը սպասարկում է նրան, նրա բիզնեսները, անվտանգությունն է ապահովում, ոստիկանության աշխատակիցներն են: Ընդ որում՝ յուրաքանչյուր քաղաքացի կարող է դիմել պահպանության վարչություն՝ կնքելու պայմանագիր իր և բիզնեսների անվտանգության ապահովման համար»,-եզրափակեց նա:

 

 

Այս թեմայով
am