Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեյցարիայի նորանշանակ դեսպանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոն: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի լրատավական ծառայությունից:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ դիվանագիտական առաքելությունը ստանձնելու առթիվ և հաջողություններ մաղթել այդ պատասխանատու աշխատանքում:

Նշելով, որ Հայաստանն ու Շվեյցարիան պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններ ունեն՝ Հանրապետության նախագահը գոհացուցիչ է համարել երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական ու հումանիտար ոլորտներում համագործակցության ներկա մակարդակը, միաժամանակ նկատելով, որ առկա է հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ: Նա համոզմունք է հայտնել, որ նորանշանակ դեսպանի գործունեության շնոր­հիվ փոխգործակցության օրակարգն էլ ավելի կընդլայնվի:

Դեսպան Լազարոթոն իր հերթին նշել է, որ երկու երկրների բարեկամական հարաբերությունները հետևողականորեն զարգանում են և 2011 թվականին Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան բացումը մեծապես նպաստել է կառուցողական երկխոսության ընդլայնմանը: Նա պատրաստակամություն է հայտնել ներդնել բոլոր ջանքերը՝ առավել զարգացնելու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը: 

Այս թեմայով
am