Արա Բաբլոյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 13-ին Հայաստանում
Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունում ներկա է գտնվել Ֆրանսիայի Սենատի
Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի այցի եւ Հայաստանում ֆրանկոֆոն միջազգային
հասարակական կազմակերպությունների 11-րդ համաժողովի անցկացման կապակցությամբ
կազմակերպված միջոցառմանը:
Ողջունելով ներկաներին` Ազգային ժողովի նախագահն իր ելույթում անդրադարձել է
երկու երկրների միջխորհրդարանական, միջպետական ջերմ հարաբերություններին`
գոհունակությամբ ընդգծելով, որ դրանք գտնվում են ամուր հիմքերի վրա:
Արա Բաբլոյանի խոսքով` դրա վառ վկայությունն այն է, որ վերջին մեկ տարում երկու
անգամ Հայաստան են ժամանել Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան
բարեկամության խմբերը, Ֆրանսիայի Հանրապետություն է այցելել ՀՀ նախագահը, այժմ
Ֆրանսիայում է Հայաստանի վարչապետը, իսկ արդեն այս տարվա հոկտեմբերին Հայաստան է
ժամանելու Ֆրանսիայի նախագահը:
«Հոկտեմբերին Հայաստանում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի միջազգային
կազմակերպության 17-րդ գագաթաժողովը, որի նախագահությունը երկու տարով ստանձնելու է
Հայաստանը. անշուշտ այս ամենը փաստում է Հայաստանում ֆրանկոֆոնիայի արժեքների
ամրապնդման մասին»,- նշել է Արա Բաբլոյանը:
Օրենսդիր մարմնի ղեկավարը հայ-ֆրանսիական միջխորհրդարանական կապերից բացի
խոսել է նաեւ հայ-ֆրանսիական տնտեսական եւ առեւտրային հարաբերությունների մասին:
Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերություններում
կհաջողվի վերականգնել նախկին բարձր ցուցանիշներն ու ապահովել դրանց հետագա աճը: Այս
համատեքստում խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ տնտեսական
հարաբերություններն ու բիզնես կապերը միշտ պետք է կողմերի ուշադրության կենտրոնում 

լինեն, իսկ խորհրդարանականներն էլ իրենց ներդրումը պետք է ունենան այդ կապերի
զարգացման գործում:
Ավարտելով ելույթը` Ազգային ժողովի նախագահը ողջունել է Ֆրանկոֆոն
հասարակական կազմակերպությունների 11-րդ համաժողովի Հայաստանում անցկացումը եւ
վստահություն հայտնել, որ այդ իրադարձությամբ էլ ավելի կամրապնդվեն ֆրանկոֆոն
երկրների հետ Հայաստանի կապերը:

Այս թեմայով
am